Փաշինյան. Մենք չենք լքի ԵԱՏՄ-ն, բայց ԵՄ-ից գումար կստանանք բարեփոխումների համար

  • 15:43 13.06.2025
Հայաստանը միաժամանակ չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անդամ, ու սա լավ հասկանում է։ Այսօր Պրահայում GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իտալացի լրագրողի հարցին, թե ինչպես է պատրաստվում Հայաստանը հաղթահարել այդ խոչընդոտը։
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ միաժամանակ չենք կարող լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Ակնհայտ է, որ դա այն կետն է, որի շուրջ ապագայում ստիպված պետք է լինենք որոշում կայացնել։ Բայց շատ կարևոր է, որ որոշումը պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ իհարկե կառավարության և Ազգային ժողովի գլխավորությամբ»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ սուր պահանջ չկա կայացնելու այդ որոշումը, Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, որքան հնարավոր է։ Իսկ երբ պահը գա որոշում կայացնելու՝ հարցը քաղաքական օրակարգ կմտնի և կդրվի քննարկման սեղանին։
«Մենք այդ որոշում կկայացնենք մեր քաղաքացիների հետ միասին»,- շեշտեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ենթադրում է, որ ընտրությունն արդեն արված է՝ ԵՏՄ-ի օգտին, և Հայաստանի կառավարությանը Եվրոպական Միությունը անհրաժեշտ է միայն «բարեփոխումների» ֆինանսավորման և «արևմտամետ» կերպար ստեղծելու համար։ Շատ մայրաքաղաքներում Փաշինյանի կերպարը կապվում է հակառուսական դիրքորոշման հետ, և դրա քողի տակ արևմտյան քաղաքական գործիչները շարունակում են աջակցել «արևմտամետ» Փաշինյանի ջանքերին՝ կանխելու ռուսամետ քաղաքական ուժերի իշխանության գալը։ Չնայած Փաշինյանը երբեք առիթը բաց չի թողնում այսօրվա նման հայտարարելու՝ մենք չենք լքի ԵՏՄ-ն, բայց ԵՄ-ից գումար կստանանք բարեփոխումների համար։