Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա, Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումին ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Ազատությունը:
«Դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք», – ընդգծել է Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պաշտոնական Երևանը դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն, ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»։
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը վերջինիս տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը, խոսելով այդ էսկալացիայի պայմաններում Հայաստանի վարքագծի մասին, նշել է, որ Երևանը, բնականաբար, դեռևս որոշ ժամանակ առաջ սկսել է նախապատրաստվել և քննարկել է բոլոր հնարավոր սցենարները։
«Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, որի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, և դրանց շրջանակներում կատարել ենք նաև պլանավորում։ Ըստ սցենարների՝ մենք ունենք պլանավորում, որին համապատասխան էլ կշարժվենք»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։
«Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել այդ հարցերը»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։
«Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերելու», – հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։