Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախկին անդամ Անաստաս Իսրայելյանը այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է Խորհրդից դուրս գալու իր պատճառները, արցախահության առջև ծառացած խնդիրները և անելիքները։
Նա նշել է Խորհրդից հեռանալու երկու հիմնական պատճառները՝ նախ անձդրադարձ կատարելով Խորհդրի ստեղծման կարևորությանն ու կատարած աշխատանքներին։
Անաստաս Իսրայելյանը շեշտել է այն մեծ աշխատանքը, որն ի սկզբանե իրականացրել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
-Երբ ստեղծվել է խորհուրդը, գիտեինք, թե ինչ ճանապարհով ենք գնալու, ամեն մեկիս ներգրավվածությունը կարևոր էր։
Բոլորս միասին իրականացրել ենք բազմահազարանոց հանրահավաք, որին մասնակցել են ինչպես արցախցիները, այնպես էլ հայաստանաբնակ մեր հայրենակիցները, ովքեր անտարբեր չէին անելանելի իրավիճակում հայտնված արցախահայության խնդիրներին։ Մեր կողմից առաջադրվել է 12 կետից բաղկացած պահանջներ, որոնց մեջ ընդգրկված էին ամենակարևոր հարցերը՝ արցախահայության իրավունքների, հետվերադարձի, գերիների, անհետ կորածների հարցեր, սոցիալական տարբեր խնդիրներ։ Հանրության առաջ ներկայացրել ենք մեր ծրագիրը, տվել խոստումներ, որոնց պատասխանները ներկայիս իշխանություններից պետք է պարբերաբար ներկայացնեինք ժողովրդին։ Քանի որ այս ամենի հիմքում իշխանությունների վերաբերմունքն է։ Մեր շարժման նախաձեռնող խմբի տեսակետն էր՝ գնալ վճռական քայլի, քանի որ մենք մարտի դաշտում ենք, որտեղ հետդարձ չպետք է լինի։
Կառավարությունը արձագանքնեց, ստացանք հանդիպելու և արցախահայության խնդիրները համատեղ քննարկելու առաջարկներ։ Խորհրդի կազմից ստեղծվեց խումբ, որը պարբերաբար հանդիպում էր կառավարության հետ։ Սակայն ոչ մի առաջընթաց չկար, և ես որպես Խորհրդի անդամ գտա, որ անիմաստ է շարունակել հանդիպումները, որովհետև դրանք ոչինչ չեն տալիս։ Առաջինն իմ անձնական մոտցումն էր՝ չշարունակել բանակցությունները։ Մյուս պատճառն այն էր, երբ Խորհրդի անդամներից մեկը պետնախարարի առաջարկ է ստացել ու համաձայնել՝ առանց Խորհրդին տեղյակ պահելու և քննարկելու։ Դա իր անձնական որոշումն էր, որն իմ համար անընդունելի է և ոչ ճիշտ։ Լինել Խորհրդի անդամ և միաժամանակ պաշտոն զբաղեցնել ես ճիշտ չեմ համարում։ Այդ 2 պատճառներից ելնելով՝ ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ գործունեությունը Խորհրդի կազմում։
Անաստաս Իսրայելյանը նշեց նաև, որ Խորհուրդը սկզբնական շրջանում հանրության շրջանում ձեռք է բերել վստահություն, հավատ, սակայն հետագայում կորել է այդ հավատը։ Իր տեղեկությամբ, Խորհրդի կազմից դուրս են եկել ևս 5 հոգի։
Լրագրողների հարցին, թե ինչ է նախապատրաստվում անել հետագայում և կշարունակի՞ արդյոք պայքարը, Անաստաս Իսրայելյանը պատասխանել է, որ անպայման շարունակելու է իր գործունեությունը հանուն արցախահայության իրավունքների։ Առաջին քայլը լինելու է ակցիայի կազմակերպումը ՀՀ կառավարության առաջիկա նիստի ժամանակ՝ արցախահայության խնդիրները լուծելու պահանջով։
“Իմ պայքարը շարունակվելու է, և ես ակնկալում եմ ժողովրդի աջակցությունը։ Մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տասնյակ արցախցիներ իրենց պատրաստակամությունն են հայտնել ինձ հետ միասին շարունակել պայքարը։ Մենք պայքարելու ենք մեր իրավունքների, խնդիրների, հայ ապրելու համար։
Պարտավոր ենք գնալ մեր իրավունքների հետևից, և դա կանենք հանրային ճնշման միջոցով։
Որպես արցախցի և տուժված այս իշխանության կողմից, դառնալով անտուն ու անհայրենիք, իրավունք չունեմ լռելու”, ասել է նա։
“Որոշում կայացնելով՝ մտովի հետ եմ գնացել Արցախ ու հիշել, թե ոնց էին մեր ժողովրդին մոլորեցնում, խաբում, դավաճանում, և Արցախը կորցնելուց հետո ինքս ինձ խոսք եմ տվել, որ այսօր պետք է ամեն ինչ արվի անկեղծ, առանց ստելու։ Պատրաստ եմ իմ կյանքի մնացած տարիները նվիրել Արցախին։ Ամեն ինչ հաշվի եմ առել, մտածել ու բոլորի համար հասանելի եմ լինելու։ Ես ամաչում եմ, որ Արցախը կորցնելուց և այս կարգավիճակում հայտնվելուց հետո կան մարդիկ, ովքեր մտավախություն ունեն բարձրաձայնելու խնդիրները և անտարբեր են շուրջն իրականացվող ամոթալի իրողությոնների հանդեպ”, ասել է Անաստաս Իսրայելյանը։
Նա կոչ արեց ժողովրդի վստահության քվեն ստացած Արցախի ԱԺ պատգամավորներին, արցախահայությանը չլռել, մշտարթուն պահել արցախցիների հիմնահարցերը, պայքարել միասին՝ չկորցնել հավատը։
Խորհդրի ներկայացուցիչների հանդեպ որևէ անձնական հարց չունեմ, բոլորին հարգում եմ․ պարզապես իմ ուղին այլ է՝ անզիջում՝ ուղղված արցախահայության իրավունքների լիարժեք պաշտպանությանը և ազգային շահերի անվերապահ սպասարկմանը, ասել է նա։
Կարինե Բախշիյան