Մեղրի
Իրանի վրա Իսրայելի հարձակման պայմաններում Սյունիքի սահմանային համայնքներում խուճապ չկա, իրավիճակը հանգիստ է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում փոխանցեցին Իրանի հետ սահմանակից Մեղրի խոշորացված համայնքի կազմում գտնվող համայնքների ղեկավարները։
Մեր հարցին, թե սահմանային համայնքներում իրավիճակը փոխվե՞լ է, միջոցներ ձեռնարկվո՞ւմ են, համայնքապետերին հանձնարարականներ տրվե՞լ են, Մեղրի խոշորացված համայնքի կազմում գտնվող Նռնաձոր գյուղի վարչական ղեկավար Արա Ազիզյանը պատասխանեց․ «Մեր մոտ սովորական վիճակ է, ամեն օրվա պես մեր գործին ենք։ Ոչ մի հանձնարարական չունենք, մեր սովորական առօրյան է»։
Մեղրիի կազմում գտնվող Տաշտունի վարչական ղեկավար Անդրանիկ Կարապետյանն էլ ասաց, որ գյուղում իրավիճակը նորմալ է, հանգիստ է։ «Պոստերը կան դեպի վերեւ, մեր զինվորներն այնտեղ են, հլա որ հանգիստ է։ Հլա որ հանձնարարական չունենք, եթե այդպիսի բան է լինում, քաղաքապետը հանձնարական է տալիս, այսօրվա դրությամբ հլա որ այդպիսի տվյալներ չենք ստացել»,- նշեց Կարապետյանը։
Շվանիձորի վարչական ղեկավար Ալիկ Թումանյանն էլ step1.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղում իրավիճակ չի փոխվել։ Համայնքապետերը հանձնարարակականներ չեն ստացել արտակարգ միջոցներ ձեռնարկելու մասին։ «Ոնց եղել է, նույն ձեւով ժողովուրդն ապրում են, այլ խնդիրներ չկան, տագնապ չկա։ Մի քիչ Իրանի խորքում են հարվածները, սահմանամերձ հատվածներում չկան։ Եթե մեր սահմանի մոտ լինեին հարվածները, հնարավոր է մեզ մոտ խուճապ լիներ, բայց Թեհրանը բավականին հեռու է մեզանից։ Թավրիզում էլ են եղել հարվածներ, բայց Թավրիզն էլ մեզանից մոտ 200 կմ հեռու է»,- ասաց Շվանիձորի վարչական ղեկավարը։
Ռոզա Հովհաննիսյան