30 հազար զորակոչիկներից 20 հազարը չի ծառայել, այսինքն՝ մոտ 70 տոկոսը

  • 11:25 14.06.2025

Զինծառայության վերաբերյալ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովում շուրջ չորս ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ:

Վիճահարույց օրինագծով իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել մեկ ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 60 հազար դոլար, և 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ՝ ավելի քան 47 հազար դոլար:

Սակայն թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական պատգամավորները բազմաթիվ խնդիրներ են տեսնում այս օրինագծում, պնդելով, որ այն չի կրճատելու զինծառայությունից խուսափողների թիվը, ինչպես նաև արմատախիլ չի անի այս ոլորտում գոյություն ունեցող կոռուպցիան: Պատգամավորների համոզմամբ՝ օրինագծն ավելի է խորացնելու առկա խնդիրները:

Օրինագծի հեղինակը, մինչդեռ, պնդում է՝ հանրությունը կողմ է, որ 24 միլիոնով մեկ ամիս ծառայելու հնարավորություն տրվի, դա, ըստ պատգամավորի, պարզել են հարցումների միջոցով: Հարցումը պատվիրել է վարչապետի աշխատակազմը՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով: Իշխանական պատգամավորը պնդում է՝ դրսում ապրող Հայաստանի քաղաքացիները ևս հետաքրքրված են ավելի քան 60 հազար դոլարի դիմաց մեկ ամիս բանակում ծառայելու հնարավորությամբ:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ նախարարությունը մտադիր է քվոտա սահմանել այս օրինագծից օգտվողների համար, այսինքն՝ Կառավարության որոշմամբ ֆիքսվելու է դիմումների առավելագույն քանակը: Այս դեպքում էլ պարզ չէ՝ եթե տեղերը սահմանափակ են, ինչպե՞ս են ընտրվելու քաղաքացիները, ո՞ւմ է տրվելու առաջնահերթություն, և այլն:

Չնայած պաշտպանության փոխնախարարի առարկությանը՝ պատգամավորը տեղեկացրեց, որ 2022-23 թվականներին 30 հազար զորակոչիկներից 20 հազարը չի ծառայել, այսինքն՝ մոտ 70 տոկոսը չի զորակոչվել, նրանցից 80 տոկոսը՝ առողջական խնդիրների պատճառով, 4 տոկոսն ուղղակի խուսափել են ծառայությունից, 2 հազարն էլ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նախագծով անարդարություն է առաջացնում, պատգամավորը հակադարձեց՝ այդ անարդարությունն այսօր էլ կա:

Ի դեպ, պատգամավորը այլ մտահոգիչ վիճակագրություն էլ ներկայացրեց. 2008-ին ծնված՝ զորակոչի ենթակա տղաների 7 տոկոսը, որը հաջորդ տարի պետք է զորակոչվի, այլևս Հայաստանի քաղաքացի չէ, 2009-ին ծնվածների 8 տոկոսն է հրաժարվել արդեն Հայաստանի քաղաքացիությունից: Նաև այս նպատակով է պատգամավորն առաջարկում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամի տուրք:

Հայկ Սարգսյանն իր հեղինակած նախագիծը հետ չի քաշելու և փորձելու է այն ընդգրկել հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյայի օրակարգ: Կընդգրկվի, թե ոչ՝ կորոշվի լիագումար նիստում՝ հունիսի 17-ին պատգամավորների քվեարկությամբ: