ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Հարգելի ՀՀ կառավարություն,
Սոցիալական մեդիայի, զանգերի և համայնքային կապերի միջոցով բազմաթիվ ահազանգեր եմ ստանում տեղահանված մեր հայրենակիցներից՝ կապված իրենց սոցիալական վիճակի վատթարացման հետ։
Մասնավորապես՝
– ՀՀ կառավարության կողմից տրամադրվող բնակվարձի աջակցությունը կտրուկ կրճատվել է և այժմ հասանելի է միայն որոշ «խոցելի» համարվող խմբերի համար։
-Բնակվարձի աջակցության ծրագրում առկա ծրագրային-տեխնիկական խնդրի պատճառով հարյուրավոր ընտանիքներ զրկվել են 2025 թ փետրվար-մարտ ամիսների աջակցություններից։
– Հրատապ աջակցության շահառուների շրջանակը բավականին փոքր է, ծրագիրը՝ բազմաթիվ խոչընդոտներով, ոչ իրատեսական։
– Տեղահանվածների մեծ մասն այսօր կանգնած է սոցիալական, տնտեսական, հոգեբանական ճնշման առջև՝ առանց ապագայի վերաբերյալ հստակ տեսլականի։
Հարգելի Կառավարություն,
Ապրիլի վերջին հնչել են հայտարարություններ և հրապարակային հավաստիացումներ, թե առաջիկայում տեղի կունենան դրական տեղաշարժեր տեղահանվածների կյանքում։ Սակայն մինչ օրս՝ հունիս ամսվա կեսերը, տեղահանվածների կյանքում որևէ շոշափելի դրական փոփոխություն տեղի չի ունեցել։
2025 թ․ հունիսին իրականացված սոցիալական հարցումը, որին տարբեր հարթակներում մասնակցել է ավելի քան 7000 տեղահանված անձ, պարզ ցույց է տվել, որ 95% -ը չեն զգացել որևէ դրական փոփոխություն իրենց կյանքում վերջին ամիսների ընթացքում։
Արդյունքում՝ մեր հայրենակիցների գերակշիռ մասն այլևս չի հավատում, թե իրենց նկատմամբ որևէ արդար ու անկողմնակալ մոտեցում է կիրառվում։
Հետագա ծրագրերում ակնկալվող չափանիշները, ըստ մամուլի և փորձագիտական գնահատականների, կարող են նպաստել անգամ սոցիալական շերտերի միջև նոր բևեռացման և խորացնել անարդարության զգացումը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝
Առաջարկում ենք՝
1. Վերանայել ՀՀ Կառավարության քաղաքականությունը Արցախից տեղահանված քաղաքացիների նկատմամբ։
2. Շարունակել բնակվարձի աջակցության տրամադրումն առանց տարբերակումների (հատկապես՝ երբ այն բեռ չէ բյուջեի համար)։
3. Քայլեր ձեռնարկել՝ սոցիալական բնակարանների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու ուղղությամբ։
4. Վերացնել բնակվարձի աջակցության ծրագրում առկա տեխնիկական խոչընդոտները՝ հնարավորություն ընձեռելով բոլորին ստանալ իրենց հասանելիք աջակցությունները։
5. Իրականացնել հստսկ քայլեր՝ համապատասխան իրավական գնահատականներ տալու Արցախում կատարված ենթադրյալ թալանի, այլ հանցագործությունների, և դրանք կատարած ենթադրյալ անձանց մասին։
Անհրաժեշտ է պարզապես արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել բոլոր տեղահանվածների համար՝ անկախ գտնվելու վայրից, ընտանիքի կազմից, տարիքից ու այլ հանգամանքներից։
Հարգանքով՝
Լիաննա Պետրոսյան
հասարակական գործիչ,
Հ. Գ. Նամակը բաց է ստորագրման համար։