Գերմանիայի արտգործնախարար․ իրանական ռեժիմը դժվար թե փլուզվի

  • 10:17 15.06.2025

Իսրայելական բանակը հունիսի 13-ի գիշերվանից ի վեր հարվածներ է հասցնում Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին։ Իրանը պատասխանում է հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով Իսրայելի տարածքում։

Իրանցիների կողմից սոցիալական ցանցերում հրապարակված և BBC Verify-ի կողմից ստուգված տեսանյութերը ցույց են տալիս Թեհրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շահրանի նավթամբարում բռնկված խոշոր հրդեհը։

Ինտերնետում տեղադրված և BBC-ի կողմից ստուգված տեսանյութերից մեկը ցույց է տալիս նաև Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը՝ երեկոյան իրանական կողմից արձակված հրթիռների համազարկի հետևանքով։

Տարածաշրջանում գտնվող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը չի ​​սպասում, որ Թեհրանի ֆունդամենտալիստական ​​ռեժիմը շուտով կընկնի, քանի որ, նրա խոսքով, այն ի վիճակի է ավելի ամրապնդել իր իշխանությունը: «Ես չեմ կարծում, որ Իսրայելը իվիճակի է տապալել այս ռեժիմը», – հավելել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «սպառնում է ոչ միայն Իսրայելին, այլև Սաուդյան Արաբիային, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի կայունությանը»:

Ներկա իրավիճակում, ընդգծեց Վադեֆուլը, չպետք է մոռանալ նաև Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) կողմից Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողությունների մասին: Այնտեղ հրադադարը, նրա խոսքով, պահանջում է Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլական: Այս ֆոնին նա արաբական պետությունների կողմից Գազայի հատվածը վերականգնելու ծրագիրը անվանել է «լավ հիմք»:

Մինչդեռ, Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։

Ընդհանուր առմամբ, չնայած գեներալների և գիտնականների շրջանում առաջին օրվա զգալի կորուստներին, Իրանը պարտության կամ հոգևոր փլուզման որևէ նշան չի ցուցաբերում։ Իսրայելի վարչապետը որպես գլխավոր խաղաքարտ նշում է միայն Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը։