Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները դիտելով՝ ակամա սկսում եմ հիշել Արցախյան պատերազմների ժամանակաշրջանը։ Մասնավորապես, պատկերացնում եմ խաղաղ բնակիչների՝ կանանց, տարեցների, հիվանդների և երեխաների վիճակը։
Այսքան փորձությունների միջով անցած արցախցիները շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում լինել ռազմական գործողությունների էպիկենտրոնում։ Ապրել նկուղներում՝ առանց տարրական կենսապայմանների։ Քնել խոնավ հատակին՝ պայթյունների ձայների ներքո և այլն։
Հատկապես հաճախ եմ հիշում 2023 թվականի վերջին մեկօրյա պատերազմի իրադարձությունները։ Սեպտեմբերի 19-ին, կեսօրին, ես, ինչպես բոլորը, աշխատանքի էի՝ Ստեփանակերտի Կ. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում։ Լսելով օդային սիրենայի և պայթյունների առաջին ձայները՝ անձնակազմը անհապաղ սկսեց կենտրոնի հիվանդներին տարհանել ռմբապաստարան։
Մեր դեպքում թաքնվելու ամենաապահով տեղը ջրաբուժության սենյակի «ավազանն» էր։ Այդ պահին շատերն իրենց վատ զգացին, քանի որ շրջափակման պատճառով գործնականում դեղորայք չկար։ Ոմանք սկսեցին խուճապի մատնվել, քանի որ կապ չկար, և չէին կարողանում զանգահարել իրենց հարազատներին։
Կենտրոնի շատ աշխատակիցների հարազատները ապրում էին գյուղերում։ Ադրբեջանական ներխուժման հետևանքով հանրապետության ճանապարհները փակ էին։ Շրջանները կտրված էին Ստեփանակերտից, և գյուղացիները ստիպված էին մայրաքաղաք հասնել անտառային արահետներով՝ վտանգելով իրենց կյանքը։ Շատերը այդպես էլ չկարողացան հասնել Ստեփանակերտ՝ նրանք սպանվեցին իրենց տներում կամ ճանապարհին։
Իմ գործընկերների հարազատներից շատերը կարողացան հաղթահարել այս սարսափելի ճանապարհը և հասնել քաղաք։
Մենք ստիպված էինք 6 օր մնալ Վերականգնողական կենտրոնում, քանի որ շատերը ապրում էին քաղաքի ծայրամասում, որտեղ տեղի էին ունենում դաժան մարտեր: Տուն վերադառնալը չափազանց վտանգավոր էր։
Մենք այս վերջին 6 օրերը Արցախում ապրեցինք որպես մեկ ընտանիք՝ միմյանց հետ կիսելով բոլոր դժվարությունները։
Այժմ, գտնվելով տեղահանության պայմաններում, մենք հաճախ ենք հանդիպում գործընկերների հետ, փորձում ենք հիշել միայն Արցախում կյանքի լուսավոր շրջանները՝ հույս ունենալով ավելի լավ ապագայի: Թող անիծված լինեն նրանք, ովքեր հրահրում են պատերազմներ, սպանում անմեղ մարդկանց։
Արսեն Աղաջանյան