Տեկտոնական տեղաշարժերը սկսվեցին հենց 44-օրյա պատերազմից, երբ Հայաստանի դերը սկսեց նվազել

  • 10:26 16.06.2025

«Աշխարհում քաղաքական վերադասավորումներ են սկսվում, նաեւ՝ մեր տարածաշրջանում։ Հայաստանը եւ բոլոր երկրները կամա-ակամա կներքաշվեն այս գործընթացներում։ Ցավալի է, որ այս զարգացումներն սկսվեցին Արցախի դեմ 44-օրյա պատերազմից»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը՝ անդրադառնալով իրսայելա-իրանական հակամարտությանը։ Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով ուժերի հավասարակշռությունը սկսեց խախտվել տարածաշրջանում։ Այսինքն՝ տեկտոնական տեղաշարժերը սկսվեցին հենց 44-օրյա պատերազմից, երբ Հայաստանի դերը սկսեց նվազել, մենք՝ որպես հավասարակշռող գործոն, վերացանք։

Կարաբեկյանի խոսքով՝ այսօր Հայաստանը հայտնվել է երկու կրակի արանքում՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի։ «Բնական է, որ Արեւմուտքը փորձելու է երկու հենարան ունենալ։ Եթե Ադրբեջանը նույնիսկ մերժի ցամաքային օպերացիա սկսել Իրանի դեմ կամ իր տարածքն օգտագործել՝ Իրանին հարվածելու համար, շատ հնարավոր է մեզ օգտագործեն, եւ մենք մտնենք այդ հորձանուտի մեջ, ինչպես դա եղել է 1918-1920 թվականներին։ Մենք այն ժամանակ չկողմնորոշվեցինք Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եւ տուժեցինք»,- ասաց նա։

Կարաբեկյանի խոսքով՝ վտանգավոր խաղեր են խաղարկվում։ Եթե Վերին Լարսի ճանապարհը փակվի, իսկ Իրանում իրավիճակը վատթարանա եւ ՀՀ հետ բեռնափոխադրումները դադարեցվեն, Թուրքիան կարող է կախվածության մեջ դնել Հայաստանին եւ նոր պահանջներ թելադրել։ «1993 թվականին մենք առաջ էնք գնում, Ցեղասպանության հարց էինք դնում, դրա համար Թուրքիան մեզ շրջափակման մեջ պահեց։ Թուրքիայի համար դա ընդամենը պատրվակ է էր, ոչ թե պատճառ, եւ ինքը ցանկացած պահի կարող է ավելի խիստ պահանջներ դնել, ինչը հիմա Թուրքիան ու Ադրբեջանն առաջ են քաշում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն եւ այլն։ Նույնիսկ փորձում են Հայաստանին թելադրել հրաժարվել որոշ տեսակի սպառազինությունից։ Վտանգը դրանում է։ Այդ սխալ ստրատեգիան շատ դեպքերում մեծ պետությունների՝ օրիանկ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համար է ցավալի հետեւանքներ ունենում, իսկ մեզ նման փոքր երկրի համար դա կարող է շատ վատ ճակատագրական հետեւանքներ ունենալ»,- ասաց նա։ Դավիթ Կարաբեկյանը նշեց, որ այս պայմաններում Հայաստանը պետք է վիրաբույժի ճշգրտությամբ քայլեր կատարի։

Մեր զրուցակցի խոսքով՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ագրեսիա իրականացնել Հայաստանի ուղղությամբ։ Դա են վկայում Ադրբեջանից ՀՀ-ին ուղղված պահանջները։ «Մենք դրա մասին պետք է մտածենք։ Ռազմաքաղաքական առումով վիճակը բավականին բարդ է։ Արցախը հանձնելուց հետո Հայաստանի 5 մարզ դարձել է Ադրբեջանի հետ սահմանակից։ Իսկ Թուրքիան ցանկացած պահի աջակցելու է Արդբեջանի ագրեսիան»,- նշեց նա։

Կարաբեկյանն անդրադարձավ նաեւ տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա։ «Սխալ է մտածել, թե Թուրքիա գնալով եւ Անկարային ռեվարանսներ անելով՝ մենք որեւէ բանով մեզ կապահովագրենք, ագրեսիայից զերծ կմնանք։ Դրանով իրականում մենք ցույց ենք տալիս, թե ինչքան թույլ ու խոցելի ենք, իսկ մեր հաշվարկներն ինչքանով են կանխատեսելի եւ պրիմիտիվ։ Եվ կարծես թե այդ վտանգը բազմապատկվում է։ Թուրքիայի խորհրդանիշը գորշ գայլն է, ինքը զոհի թուլությունը զգալով՝ հոշոտում է։ Ոչ պայմանավորվածություն, ոչ միջազգային իրավունք Թուրքիային չի կարող զսպել ու զերծ պահել ագրեսիվ պլաններից։ Դրանով է վիճակը բարդ, մանավանդ, որ ներքին ուժ չկա, որը պատասխանատվությունը կվերցնի, մարդկանց կկարողանա հստակ ասել, որ վտանգի աստիճանը շատ մեծ է»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան