Իրանի դեմ ագրեսիայի ֆոնին Մակրոնը մեկնել է պաշտպանելու Գրենլանդիան

  • 13:23 16.06.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կիրակի՝ հունիսի 15-ին, Դանիայի ինքնավար մարզի մայրաքաղաք Նուուկ կատարած համատեղ այցի ժամանակ համերաշխություն հայտնեցին Գրենլանդիայի ժողովրդին և իրենց հանձնառությունը նրա ինքնիշխանությանը։

Ֆրանսիայի առաջնորդը շարունակեց. «Ֆրանսիայում և Եվրամիությունում բոլորը կարծում են, որ Գրենլանդիան չի կարելի գնվել կամ պարզապես բռնագրավվել»։

Մակրոնը չի բացատրել, թե ինչու կարող է բռնագրավվել Արցախը, ինչու կարող է Ռուսաստանը բռնագրավել Ուկրաինայի գրեթե մեկ երրորդը, ինչու կարող է Սիրիան դառնալ Թուրքիայի պրոքսի, Գազան կարող է ոչնչացվել, ինչու կարող է Իրանը ենթարկվել Իսրայելի հրթիռային կրակի, և ինչու չի կարող Գրենլանդիան գնվել կամ բռնագրավվել։ Կասկած չկա, որ Էստոնիայի հավանական բռնակցումից առաջ Մակրոնը կհայտնվի Բալթիկայում և կհայտարարի, որ բռնագրավումը թույլատրելի չէ։

Անհավանական է, որ Մակրոնը և որևէ մեկը 2020-2023 թվականներին չեն հասկացել, որ Արցախի բռնակցման «օրինականությունը» ճանաչելը Պանդորայի արկղի բացումն է։ Հիմա ոչ ոք ապահովագրված չէ բռնագրավումից, իշխանափոխությունից կամ բնիկ բնակչության  տեղահանությունից։ Նույնիսկ միջուկային տերություն Ֆրանսիան։