Ստեփանակերտ
Արցախից տեղահանվելուց հետո Ժորա Հայրապետյանը ընտանիքով բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Նա սովորում է Գորիսի պետական համալսարանի Իրավագիտության բաժնում․ անընդունելի է համարում ՀՀ կառավարության վարած քաղաքականությունն Արցախից բռնատեղահանված բնակչության հանդեպ։
– 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվեցին ավելի քան 100000 արցախցիներ։ Նրանք ստիպված եղան լքել իրենց օրինական բնակության և սեփականության վայրերը՝ տներ, հողամասեր, անձնական տնտեսություններ, որոնք իրավական տեսանկյունից գրանցված էին Արցախի կադաստրային համակարգում։
Այսօր այդ անձինք զրկված են ոչ միայն իրենց գույքից, այլև՝ սոցիալական ապահովվածությունից և բնակարանային անվտանգությունից։
Մինչդեռ, ՀՀ կառավարությունը ոչ միայն ուշացած և ոչ ամբողջական է արձագանքում այս ճգնաժամին, այլ նաև որդեգրել է մի շարք հակասական և խտրական մոտեցումներ, որոնք չեն նպաստում փոխհատուցման իրականացմանը։
Առավել խնդրահարույցներից է կառավարության կողմից ներդրված բնակարանային սերտիֆիկատների ծրագիրը, որը անընդունելի է ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ իրական կիրառման հնարավորություններով։ Այս ծրագիրն առերևույթ ներկայացվում է որպես փոխհատուցման մեխանիզմ, սակայն իրականում չունի գույքային իրավունքի համարժեքության երաշխիք, չի ապահովում շուկայական արժեքով փոխհատուցում և չի դիտարկվում որպես փոխհատուցում բռնի կերպով կորցված անշարժ գույքի համար։ Բացի այդ, այն ենթադրում է՝ պայմանավորվածություններ, որոնք մերժում են բռնի տեղահանման ենթարկված անձանց ամբողջական իրավունքների վերականգնումը՝ դարձնելով նրանց ապագան կախված շուկայի տատանումներից և փաստացի դնում պետական վերահսկողությունից դուրս։
Ժորա Հայրապետյանը կարծում է, որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի ապահովել բռնի տեղահանված արցախցիների ժամանակավոր կացարանների վարձավճարների, կոմունալ և կեցության ծախսերի փոխհատուցման համակարգված, համապարփակ ծրագիր, ինչը սոցիալական լուրջ լարում է առաջացրել տեղահանված բնակչության շրջանում։
-Այս խնդիրները կրկնակի մտահոգիչ են՝ հաշվի առնելով, որ Արցախի կադաստրի կոմիտեի էլեկտրոնային գույքային շտեմարանը փոխանցվել է ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, ինչն իրավական լիարժեք հիմք է՝ պետական փոխհատուցման գործընթաց սկսելու համար։
Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է գրավոր կարծիք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղ հստակ նշվում է աջակցության տրամադրման շարունակականության անհրաժեշտությունը ավելի երկար ժամկետներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախցիներն այսօր չունեն կայուն սոցիալական կարգավիճակ։
Այս կարծիքը փաստում է, որ պետական մոտեցումն առայժմ չի ապահովում այդ մարդկանց իրավունքների, արժանապատվության և կենսապահովման նվազագույն երաշխիքները։
Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պարտավոր է՝ անհապաղ հրաժարվել սերտիֆիկատների ոչ արդյունավետ և ձևական ծրագրից, ձևավորել իրական փոխհատուցման համակարգ՝ հիմնված Արցախի կադաստրային տվյալների վրա, առանց քաղաքացիության պարտադրանքի փոխհատուցման ծրագիր մշակել Արցախցիների բնակարանային ապահովման համար և համապատասխանեցնել իր գործողությունները ինչպես ՀՀ Սահմանադրության, այնպես էլ միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերին։
Արցախցիները Հայաստանի Հանրապետության մասնիկ են, և որևէ պետական որոշում չպետք է անտեսի նրանց արժանապատվությունը, իրավունքը և պատմական կապը հայրենիքի հետ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ