Նժդեհ Իսկանդարյանը մայիսի 20-ին նշանակվել է Արցախի պետական նախարար։ Կձևավորվի՞ նախարարների նոր կաբինետ, կներկայացվի՞ հանրությանը Արցախի պետական նախարարի ծրագիրը։ Իսկանդարյանը այս մասին խոսեց Step1.am-ի հետ։
-Պարոն Իսկանդարյան, ինչպես տեղեկացանք, մայիսի 20-ին Ձեզ նշանակել են Արցախի պետական նախարար: Արդյո՞ք ունեք ծրագիր որպես պետնախարար:
-Իհարկե, որպես պետնախարար ունեմ ծրագիր, ուղղված մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը: Ոչ ոք պատրանքներ չունի, մենք հասկանում ենք արցախցիների խնդիրների մասշտաբները Հայաստանում, ինքներս բախվում ենք իրականությանը, բայց մենք պետք է աշխատենք։
Ծրագիրը վերջնական կներկայացվի այն ժամանակ, երբ հանդիպումներ կունենամ բոլոր նախարարների հետ: Ես ուզում եմ լսել բոլոր նախարարներին, պարզել, թե որ հարցերն են նրանք դիտարկում որպես առաջնային խնդիրներ: Հաշվի առնելով բոլոր եզրակացությունները՝ կստեղծվի «ճանապարհային քարտեզ», որի վրա կհիմնվի արցախի պետական նախարարի գրասենյակի գործունեությունը։
Բայց կարող եմ ասել, որ գլխավոր ասպեկտը իհարկե սոցիալական հարցերը կլինեն: Մեր հանրությունը տեղյակ է, որ հարցերի լուծումը ՀՀ կառավարության դաշտում է, ու մենք ամեն ինչ կանենք այդ հարցերի բարձրաձայնման համար:
–Սոցիալական խնդիրներից զատ, կան քաղաքական հարցեր ևս։ Դրանք թվարկված են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի պահանջագրում։
-Համաձայն եմ, բայց ներկայիս փուլում անհրաժեշտ է կենտրոնանալ սոցիալական խնդիրների լուծման վրա։ Նախ՝ դա անհրաժեշտ է, որպեսզի արցախցիները չլքեն Հայաստանը։
Մեր հասարակությունում առկա լարվածության ֆոնին ես կարծում եմ, որ քաղաքական հարցերը պետք է բարձրացվեն մեծ զգուշությամբ։ Եվ դա տեղի կունենա։
Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ նկատի ունեն, թույլ տվեք հիշեցնել ՔՊ պատգամավոր տիկին Հակոբյանի խոսքերն, ում կողմից օգտագործված «սեպարատիստ» բառը հատուկ է Ադրբեջանի բառապաշարին: Ցավալի է, որ մեր հայրենիքում մենք բախվում ենք նման վերաբերմունքի:
-Ադրբեջանը շարունուկամ է վայրագությունները և արագորեն քանդում է Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրեր: Որպես Արցախի իշխանությունների և հանրության ներկայացուցիչ, կձեռնարկե՞ք որևէ քայլ այդ գործողությունների դեմ։
-Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը անընդհատ բարձրաձայնվում է տարբեր հարթակներում։ Ցավոք, ադրբեջանական կողմը անպատիժ շարունակում է իր հանցագործությունները Արցախում։
Ինչ վերաբերում է հուշարձանների պահպանությանը, կարծում եմ, այդ գործում պետք է մասնակցեն ոչ միայն արցախցիները, այլև աշխարհասփյուռ հայությունն ու Հայաստանի պետական կառույցները։ Հակառակ դեպքում ես հաջողություն չեմ տեսնում այս հարցում։
Նույնը վերաբերում է նաև մասնավոր սեփականությանը։
Ինչպես գիտեք, մեր մարդու իրավունքների պաշտպանները և միջազգային փորձագետները մեծ աշխատանք են իրականցնում այդ վայրագությունների մասին բարձրաձայնելու և միջազգային ատյաններում դրանք ներկայացնելու համար: Ինչը միայն ողջունելի է։ Արցախի կառավարությունը ողջունում է այս նախաձեռնությունը և պատրաստ է աջակցել դրան, եթե նման առաջարկ լինի։
Շատ ցավալի է, որ փաստերը, որոնք վկայում են, որ Արցախը հայկական է, և որ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է այստեղ, դիտավորյալ ջնջվում են։ Երբ վերադառնանք, մենք կվերականգնենք մեր հայրենիքը։
– Երբ խոսքը գնում է վերադարձի մասին, հասարակությունը բողոքում է, որ չեն մանրամասնում, թե դա ինչպես պետք է լինի:
Ինչ վերաբերում է վերադարձին։ Իրականում այստեղ 2 տարբերակ կա՝ բանակցություններ և ռազմական չանապարհ: Բոլորը հասկանում են սա: Բայց նախընտրելի է լուծումը տանել ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակում, ինչին դեմ է Ադրբեջանը:
Անհրաժեշտ է անընդհատ բարձրաձայնել այդ խնդիրնրը և մեր հասարակության, և միջազգային հանրության շրջանակում, որպեսզի պարզ լինի՝ Արցախի ժողովուրդը պայքարում է իր իրավունքների համար՝ համաձայն բոլոր մարդկային և ժողովրդավարական նորմերի։
–Դուք նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ եք, խնդրում եմ պարզաբանել, ինչպե՞ս եք համատեղելու այս երկու պոզիցիաները։
-Տվյալ պայմաններում շատ դժվար է խոսել դրա մասին: Ես չեմ բացառում, որ կլինեն հարթակներ, որտեղ որպես պետնախարար կկարողանամ ավելի նպաստել այս կամ այն հարցի լուծմանը: Բոլոր ջանքերը կարևոր են:
Այժմ Խորհուրդը սկսել է հանդիպումներ արցախցիների հետ տարբեր շրջաններում։ Մինչ այդ մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Երևանում: Բազմաթիվ հարցերի շուրջ։ Ես չեմ բացառում, որ Խորհրդի կողմից հավաքված տվյալները օգտակար կլինեն պետական նախարարի գրասենյակի աշխատանքում։ Նաև համատեղ աշխատանքը կարող է օգտակար արդյունքներ տալ մեր հասարակության համար։
-Ձեր նշանակումը մեծ ռեզոնանս է առաջացրել Արցախի հանրության շրջանում:
-Մեր մոտ պաշտոնը բացասական ինչ-որ բանի հետ են կապում սովորաբար: Բայց մեր հայրենակիցները պետք է հիշեն, որ մենք աշխատում ենք առանց ռեսուրսների, կամավորական հիմունքներով։ Սակայն մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված, ուստի ընդունելի են միայն մարդկանց համար դրական արդյունքները։
Ալվարդ Գրիգորյան