Նպատակ ունեմ՝ իմ ծննդավայր Ասկերանում ծաղկի սրահ բացել ու գեղեցկացնել մարդկանց կյանքը

  • 16:32 17.06.2025

Տեղահանվելուց հետո Ապրեսյաններն իրենց փոքրիկ բիզնեսն են ստեղծել

 Արցախից տեղահանվելուց հետո Ապրեսյանների ընտանիքը բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Ընտանիքի հայրը՝ Սերժիկը, վերջին տարիներին տեղաշարժվում է միայն հաշմանդամության սայլակի օգնությամբ։ Արցախյան պատերազմների մասնակիցը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ։

Տակավին երիտասարդ տարիքում, երբ կռվում էր Արցախի ազատության համար, երբեք չէր պատկերացնում, որ արցախցին այսպիսի ճակատագրի կարժանանա։ Նա իր երկրի համար բոլորովին այլ ապագա էր երազում ու պայքարում դրա համար։

 

 Սերժիկի հուշերը ցավոտ են, անմոռանալի․․․

 – Հիշելով մեր փայլուն հաղթանակները՝ ցավ եմ ապրում, որ ամեն ինչ ջուրն է ընկել։ Մեր հողի համար այնքան արյուն է թափվել, այնքան տղաներ են հերոսացել, որոնից մեկն իմ հարազատ եղբայրն էր՝ Սամվելը։

Մենք մեր ճանապարհն արժանապատվորեն ենք անցել՝ մտածելով միայն հաղթանակի մասին: Ոչնչի առաջ կանգ չենք առել, մեր նպատակը մեկն էր. Արցախը տեսնել ազատագրված։

Երբ սկսվեց Արցախյան Շարժումը, ընկերներիս հետ անմիջապես անդամագրվեցի համընդհանուր պայքարին: Մասնակցում էինք ընդհատակյա հավաքներին ու միջոցառումներին: Հետո եկավ զենք վերցնելու անհրաժեշտությունը, ու մենք արդեն մարտի դաշտում էինք։ Մեր գումարտակի տղաներով մասնակցել ենք Խրամորթի, Փառուխի, Նախիջևանիկի ենթաշրջանի գյուղերի, Խոջալուի, Ակնայի  պաշտպանական բոլոր ազատագրական մարտերին: Թշնամին իր աչքով էր տեսնում արցախցու ցասումը, վճռականությունը: Մենք ուժեղ և համախմբված էինք միշտ․ հենց դա էր մեր հաղթանակների գրավականը։

Առաջին անգամ վիրավորվել եմ 1992 թվականի հունիսի 30-ին և ապաքինվելով՝ կրկին վերադարձել մարտական ընկերներիս մոտ: Երկրորդ անգամ վիրավորումս ավելի ծանր էր՝ 1993 թվականի հունիսի 12-ին Ակնայի ազատագրման ժամանակ: Շատ ընկերներ եմ կորցրել: Մեծ ընտանիք էինք, իրար հետ ծխախոտ ու հաց էինք կիսում, անքուն գիշերներ անցկացնում, սակայն, ցավոք, պատերազմը հերթով խլում էր այդ ընտանիքի անդամներին: 1992 թվականի փետրվարի 26-ին զոհվեց միակ եղբայրս: Խոջալուի ազատագրման համար մղվող մարտերն էին…Երեք օր առաջ զոհվել էին մորաքրոջս ամուսինն ու տղան՝ պատանի Սուրենը, իսկ մի տարի հետո զոհվեց իմ մյուս մորաքրոջ որդին՝ Ալեքսանդրը: Մեր գերդաստանի համար դաժան ճակատագիր էր նախատեսվել։ Այնուամենայնիվ, կարողացանք հավաքել մեզ ու ապրել մեր հաղթանակած երկրում։

Ասում են, երբ հարազատ ես կորցնում, ասես՝ կիսատ ես ապրում հետագա ամբողջ կյանքդ այդ տեղը միշտ մնում է դատարկ: Սերժիկն այդպես էլ ապրեց՝ մշտապես զգալով առանց եղբայր մնալու իր կիսատ կյանքի ցավը։

Պատերազմի ավարտից հետո նա չկարողացավ հրաժարվել զինվորական համազգեստից ու մինչև 2007 թվականը շարունակեց ծառայել  ԼՂՀ ՊԲ հեռավոր զորամասերից մեկում: Սակայն պատերազմն իր հետքը թողել էր, նա այլևս ի վիճակի չէր ծառայել։ Զորացրվելուց հետո կատարում էր տարբեր աշխատանքներ, որ կարողանար հոգար բազմանդամ ընտանիքի հոգսերը։

Սերժիկ Ապրեսյանն իր երկու որդիներին՝ Ռուդոլֆին ու Սամվելին դաստիարակել է հայրենասիրական ոգով։ Նրանք մասնակցել են 2016-ի, 2020-ի և Արցախյան վերջին պատերազմներին։

 Անցնելով գաղթի ճանապարհը՝ Սերժիկ և Անահիտ Ապրեսյանները ամեն ինչ սկսել են զրոյից։

 -Տեղահանությունից հետո մեծ դժվարությամբ ենք համակերպվում իրականությանը։ Մեզ համար շատ դժվար է հանկարծակի պոկվել մայր հողից ու հայտնվել բոլորովին այլ իրականության մեջ։ Ամենադաժանն այն է, որ անտեր թողեցինք մեր հարազատների շիրիմները ու չգիտենք՝ երբևէ կվերադառնա՞նք Արցախ։ Փորձում ենք չկորցնել մեր հույսը ու հավատալ, որ գոնե մեր սերունդները կվերադառնան ու տիրություն կանեն հայրենի հողին։

Մեր ընտանիքը մեծ է՝ 10 հոգանոց։ Ցավոք, ամուսնուս մայրն ամիսներ առաջ է հեռացել կյանքից ու մինչև վերջին շունչը չէր կարողանում համակերպվել, որ կորցրել է որդու շիրմին այցելելու հնարավորությունը։

Իհարկե, դժվարությունները շատ են, սակայն մենք փորձում ենք հաղթահարել դրանք՝ վերստին համոզվելով, որ կյանքը մշտական պայքար է,- ասում է տիկին Անահիտը և ավելացնում, որ պարտավոր են չնահանջել․ թոռնիկները ստիպում են ապրել։

Տեղահանվելուց հետո Ապրեսյանները Երևանի ՔանաքեռԶեյթուն վարչական տարածքում Սարկավագի 122/3 հասցեում  Angels Flowers ծաղիկների բիզնեսն են հիմնել։

Անգելինան ու Սամվելն են զբաղվում ընտանեկան փոքր բիզնեսով։

-Մեկ տարուց ավել է, ինչ Երևանում զբաղվում ենք ծաղկի բիզնեսով։ Սկզբից հեշտ չէր, բայց ընթացքում ամեն ինչ հունի մեջ ընկավ։ Կարողացել ենք ձեռք բերել հաճախորդներ և փորձում ենք մեր ծառայությունները գեղեցիկ ու նորովի մատուցել։ Ծաղկեփնջեր պատրաստելիս միշտ հաշվի ենք առնում պատվիրատուի ճաշակն ու նախասիրությունները։ Մեր ծաղկի սրահը բացի ծաղիկների վաճառք իրականացնելուց, հաճելի հավաքատեղի է նաև։ Մեր այցելուները վայելում են արցախյան կոլորիտը, ստանում ջերմություն։ Առանձնապես արցախցի հաճախորդները շատ են ուրախանում, երբ մտնում են սրահ՝ ասելով, ինչ լավ է կարող ենք մեր բարբառով խոսել։ Մեր ընտանեկան բիզնեսին օգնում է նաև քույրս՝ Գոհարը, իսկ նրա ու եղբորս երեխաները մեզ ուժ ու եռանդ են հաղորդում։

Երազում եմ, որ շուտ գա տունդարձի օրը․ նպատակ ունեմ՝ իմ ծննդավայր Ասկերանում ծաղկի սրահ բացել ու գեղեցկացնել մարդկանց կյանքը,-ասում է Անգելինան։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ