Այսօր Երևանի Բաղրամյան, 59 հասցեում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել Արցախից բռնատեղահանված 1-3 հոգանոց ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը նախ հակիրճ անդրադարձ է կատարել այս ամիսների ընթացքում Խորհրդի կողմից իրականացված աշխատանքներին՝ նշելով այն փոքր հաջողությունները, որոնց հասել են ՀՀ Կառավարության հետ հանդիպումների ընթացքում։ Հիմնականում հաջողվել է պայքարի արդյունքում հասնել այն խոստմանը, որ 183 բնակավայրերում կբարձրացվի աջակցության չափը՝ մեկ անձի համար 3000000 դրամի փոխարեն դարձնելով 4000000 դրամի: Ինչպես նաև կթույլատրվի հավաստագրի գումարով անհատական տուն կառուցել շահառուի կողմից՝ առանց շինարարական կազմակերպության ներգրավման։
Հուլիսի 1-ից նախատեսվում է վերացնել բնակարանային ծրագրի փուլերը։ Հավաստագիր կտրամադրվի նաև շահառու ընտանիքներում 2025-ին ծնված երեխաներին:
Խոստացվող փոփոխություններով՝ լրացուցիչ հիփոթեքային վարկի մարման ժամկետը 10 տարուց կդառնա 20 տարի, ինչը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին մարել վարկը ոչ թե 10, այլ 20 տարվա ընթացքում՝ համապատասխանաբար ամսական վճարելով ավելի քիչ գումար։
Արդեն շրջանառության մեջ է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով պետք է վերացվեն արցախցիների վարկային պատմությունների սև ցուցակների հարուցած խոչընդոտները։
Կընդլայնվի հավաստագրի մնացորդային գումարի օգտագործման սահմանաչափը՝ այն հասցնելով մինչև 50%-ի։
Կանգ առնելով Արցախից տեղահանված փոքրակազմ ընտանիքների բնակապահովման հարցի վրա՝ Ապրես Մարգարյանն ասաց, որ Խորհրդի կողմից ներկայացված մի շարք առաջարկներ ՀՀ կառավարության կողմից չեն ընդունվել։ Փոխարենը, որպես այլընտրանքային տարբերակ, առաջարկվել է մշակել հատուկ բնակվարձի լրացուցիչ ծրագիր։ Այդ մոտեցմամբ՝ քաղաքացիներին կարող է հնարավորություն տրվել ստանալ բնակվարձ՝ հավաստագրի գումարի չափով։ Այսինքն՝ քաղաքացին ընտրության հնարավորություն ունի՝ կամ օգտագործել հավաստագիրը, կամ դրա գումարի չափով ստանալ ամսական բնակվարձ։ Իհարկե, Խորհուրդն այդ ծրագիրն անհեթեթություն է համարում։
Խորհրդի անդամները նշել են, որ պատրաստվում են շարունակել պայքարը։ Արդեն մեկնարկել են հանրային քննարկումները նաև մարզերում բնակվող արցախցիների հետ։ Մասիս քաղաքում կազմակերպվել է հանդիպում, որն անցել է ակտիվ ու անկեղծ մթնոլորտում։ Մարդիկ իրենց առաջարկություններն են արել, որոնք Խորհուրդն անպայման հաշվի է առնելու։ Հանդիպումներ կկայանան նաև մյուս մարզերում և Երևան քաղաքում։
Ապրես Մարգարյանն ավելացրել է, որ հունիսի 23-ին Խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ և կիրազեկի առաջիկա մեծ հանրահավաքի մասին՝ իհարկե, ակնկալելով արցախահայության, ինչպես նաև հայաստանաբնակ մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը։
Խորհրդի անդամները պատասխանել են հնչեցված մի շարք հարցերի, լսել մարդկանց առաջարկություններն ու տեսակետները։ Հանդիպման մասնակիցները համոզված են, որ միայն հանրահավաքների ու հանրային ճնշման միջոցով կարող են լուծվել արցախահայության առաջ ծառացած խնդիրները։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ