Անկարա այցի նախօրեին. Ում համար են «մասնավորեցվելու» Հայաստանի էլեկտրացանցերը

  • 08:48 18.06.2025

Ռուս միլիարդատեր և բարերար, «Տաշիր» խմբի և «Հայկական էլեկտրական ցանցերի» սեփականատեր Սամվել Կարապետյանը գիշերը ձերբակալվել է։ Երբ նա դուրս էր գալիս իր տնից՝ ՀՀ ԱԱԾ փոխգնդապետi ուղեկցությամբ (ԱԱԾ-ն այդպես էլ դուրս չի եկել ռուսական ԿԳԲ-ի համազգեստից), Կարապետյանը իր բազմաթիվ կողմնակիցներին ասել է, որ շարունակելու է մնալ եկեղեցու հետ և որ թքած ունի «նրանց և իրենց Էլեկտրական ցանցերի վրա»։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր հանկարծակի հարձակումները պայմանավորված են հայ քահանաների անարատության մասին մտահոգությամբ, իսկ խորհրդարանում նրա խմբակցության ղեկավարը նշում է, որ Կարապետյանի դեմ հարձակումները կապված են այն փաստի հետ, որ ժամանակն է մտածել «Հայկական էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) ազգայնացման մասին։

Սակայն իշխանամետ պատգամավորներն ու պաշտոնյաները չեն թաքցնում իրենց գրառումներում, որ խոսքը Հայաստանի Ռուսաստանից անջատման մասին. Փաշինյանի մամուլի քարտուղարը ուղղակիորեն ասում է, որ Հայ եկեղեցու կողմնակիցները գործում են «հյուսիսից եկած մետոդիչկաներով»։ Իսկ Սամվել Կարապետյանի ձերբակալության և «Էլեկտրական ցանցերից» նրա հավանական հրաժարման վերաբերյալ պնդում են, որ սա իբր Հայաստանի ցանկալի ազատագրումն է Ռուսաստանից։

«Ռուսաստանից ազատագրումը» ինքնիշխան Հայաստանի օգտին ենթադրում է մի փոքր այլ մեթոդներ, օրինակ՝ Կարսի պայմանագրի վերանայման պահանջը, «Գազպրոմի» հետ ստրկական պայմանագրերի, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ միջպետական ​​համաձայնագրերի վերանայումը, ինչպես նաև Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին գրված հայտարարության ռեվիզիան։

Սակայն այս քայլերի փոխարեն Ռուսաստանից «խլում» են այն, ինչը սահմանմամբ չի կարող ռուսական լինել՝ Հայկական եկեղեցին, ինչպես նաև հայկական ծագում ունեցող օլիգարխին պատկանող ազգային ակտիվները։ Նույնիսկ Գարեգին կաթողիկոսի Ռուսաստանի հետ սերտ կապերի պայմաններում Հայ Առաքելական եկեղեցին մնում է միակ ազգային ամրոցը, որը մինչ օրս պահպանում է հայկական պետականությունը։

Կասկած չկա, որ Սամվել Կարապետյանը ազատ կարձակվի Հայկական էլեկտրացանցերից հրաժարվելուց հետո, և Մոսկվան դա չի համարի ոտնձգություն ռուսական կապիտալի նկատմամբ Հայաստանում։ Ինչպես որ արձագանք չեղավ Մոսկվայից այն փաստին, որ Բաքվի բանտում նստած մեկ այլ ռուսաստանյան միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ամերիաբանկի նկատմամբ իր իրավունքներից, և այն անցավ Լոնդոնում գրանցված վրացական ընկերությանը, որը, ենթադրաբար, ուներ ադրբեջանական կապիտալ։

Հատկանշական է, որ եկեղեցու վրա հարձակումները և հայկական էլեկտրացանցերի «կուլակաթափումը» տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի Անկարա հաստատվելիք այցից մի քանի օր առաջ։ Տեղի է ունենում Հայաստանի «հանձնումը» Ռուսաստանից Թուրքիային, որը փաստագրվել էր Արցախի Ակնայի ռուս-թուրքական կենտրոնում։ 2024 թվականի գարնանը, բնիկ հայ բնակչության տեղահանությունից հետո, կենտրոնը փակելով՝ ռուս գեներալը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ ռուսական զինվորականները կատարել են իրենց առաջադրանքը և «ազատագրել են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը»։

Սա հայկական պետականության առաջին ամրոցի՝ Արցախի հանձնումն էր, որը հազարամյակներ շարունակ եղել է հայերի՝ իրենց հողի հանդեպ իրավունքների ամրոց։ Հիմա եկել է այլ ամրոցների հանձնման ժամանակը՝ հայկական եկեղեցու և ազգային ակտիվների։

Եկեղեցու հետ կապված՝ Պոկսո պատրիարք Սահակ Մաշալյանն արդեն արտահայտվել է․ իմիջայլոց նրան նշանակել է Էրդողանը և նրան անվանում են ապագա նոր Հայոց կաթողիկոս՝ Հայ եկեղեցու կենտրոնը Էջմիածնից Պոլիս տեղափոխելով։ Արքեպիսկոպոս Մաշալյանն ասել է, որ եթե ընտրություն լինի պետությանը կամ եկեղեցուն աջակցելու միջև, նա կանցնի եկեղեցու կողմը։ Նա նաև ասաց, որ Գարեգին Բ կաթողիկոսը շատ է հոգնել այս ամենից։ Այնպես որ, կաթողիկոսի հրաժարականը բացառված չէ։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին, ապա արևելյան դիվանագիտության մեջ ընդունված է թանկարժեք նվերներով գնալ սուլթանի մոտ, և հնարավոր է, որ շուտով հայկական էլեկտրական ցանցերը կկառավարվեն, ասենք, «Չալըք Էներջի»-ի կողմից։ Իսկ հայկական ԱԷԿ-ը, Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցված Աքքույու ԱԷԿ-ի հետ միասին, կդառնան տարածաշրջանային թուրքական միջուկային «խաղաղ» ծրագրի մաս։

Ինսայդերները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Բաքվի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման ժամանակն ու տեղը կքննարկի Անկարայում՝ կամ աշնանը ԱՄՆ-ում, կամ դեկտեմբերին ԱՄԷ-ում։ Ասում են, որ Փաշինյանին հաջողվել է օրակարգից հանել Սահմանադրության փոփոխությունների հարցը՝ բացատրելով, որ դա կարող է հանգեցնել իր իշխանության կորստի։

Բացի այդ, ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, նա խոստացել է մինչ այդ «մասնավորեցնել» Հայ եկեղեցին, իսկ համաձայնագիրը ստորագրելուց հետո բարձրացնել 102-րդ ռուսական բազան դուրս բերելու և Մինսկի խմբից հրաժարվելու հարցը։

Նման քայլերի հետևանքները որևէ կապ չեն ունենա Հայաստանի ինքնիշխանության և Ռուսաստանից նրա ազատագրման հետ։ Իսկ Մինսկի խմբի մերժումը կնշանակի միջազգային անվտանգության համակարգից հրաժարում և տարածաշրջանային, այսինքն՝ թուրքական անվտանգության հովանոցի նախապատվություն։