ԱԺ–ում կա ՀԷՑ–ն ազգայնացնելու օրինագիծ, Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել

  • 12:30 18.06.2025

Հայաստանում կա իրավակարգ եւ դրա շրջանակներում կարծում եմ՝ ամենաարագ ու արդյունավետ գործելու տեղը Ազգային ժողովն է.մեր մասնագետները քննարկում են, ԱԺ–ում արդեն կա նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է. ՀԷՑ–ն ազգայնացնելու օրենքի նախագիծ և կից օրենքներում փոփոխությունների նախագիծ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գործողություններ է անելու Սամվել Կարապետյանի նկատմամբ եւ ինչպես է վեհարանից դուրս բերելու կաթողիկոսին։

«Քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանությամբ կապ չունեն։ Կապ կստեղծվի, թե ոչ, դա արդեն ուրիշ խնդիր է»,–ասաց նա։

Մինչդեռ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, քիչ առաջ հայտնեց ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Կարապետյանի աջակիցներն այժմ հավաքված են Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքի դիմաց:

Քննչական կոմիտեն դեռ պաշտոնական տեղեկություն չի տրամադրել: