Արցախից բռնի տեղահանված անձինք դեռեւս չեն ստացել մայիս ամսվա աջակցության գումարը, որը նրանց բանկվարձի գումարն է։ Սոցիալական ցանցերում արցախցիները ահազանգում են, որ վարձով բնակարանների տերերը չեն սպասում, պահանջում են իրենց գումարը, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարությունից մարդկանց հստակ պատասխան չեն տալիս, թե որ օրը կփոխանցվի գումարը։ Նախարարության «թեժ գիծ» զանգած արցախցիներին տեղեկացրել են, որ հաջորդ շաբաթ անպայման կլինի։ Հստակ չեն ասել, թե որ օրը։
Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը նույնպես անդրադաձրել է այս հարցին։ «Հունիսի 18… Արցախցիներին տրամադրվելիք մայիս ամսվա բնակվարձից ոչ մի նորություն։ Մարդիկ փաստացի հայտնվել են զբաղեցրած վարձով բնակարաններն անհապաղ ազատելու խնդրի առջեւ (արդեն գրեթե մեկ շաբաթ այս մասին ստանում եմ անթիվ-անհամար նամակներ, զանգեր)։ Դրան զուգահեռ ՀՀ հարավային սահմանից ներգաղթի ալիքը կամաց-կամաց թափ է առնում։ Ի՞նչ է լինելու ՀՀ պաշտպանության ներքո գտնվող հարյուր հազարավոր փախստականների հետ, ինչպե՞ս պիտի մարդիկ շարունակեն ապրել այդ վարձով բնակարաններում, երբ դրսից ավելի վճարունակ մեծաթիվ մարդիկ են հայտնվելու։ Ո՞ւր է Արցախից տեղահանվածների սոցիալական բարելավված վիճակը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լիաննա Պետրոսյանը։
«Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ մայիս ամսվա աջակացության գումարը կփոխանցվի հունիսի 18-ից հետո։ Այս մասին տեղեկացրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Այս իրավիճակը հարուցել է արցախցիների դժգոհությունը։ «Չեք տալիս, բարի, վերադարձրեք մեզ մեր երկիր կամ դուք տանտերերի հետ բանակցեք, կամ մեզ ապահովեք բնակարանով»,- գրել է օգտատերերից մեկը։
Նմանօրինակ մեկնաբանություններ շատ են, արցախցիներն ընդգծում են, որ դա իրենց բնակվարձի գումարն է։ «Էս շաբաթ չի լինելու, ասել են Սոցապից։ Ու չեն էլ գիտակցում, որ շատ տանտերեր ժամանակ են տվել մարդկանց՝ կամ մուծել, կամ ազատել բնակարանը։ Ու շատերը իրոք մեծ խնդրի առաջ են կանգնած»,- գրել է արցախցիներից մեկը։
Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանն էլ է ահազանգում, որ արցախցիները սոցիալական խնդիրների առաջ են կանգնել։ Հայրապետյանը ՀՀ կառավարության առաջարկում է 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը շարունակել մինչեւ տարվա վերջ։ Նա սոցիալական ցանցում գրել է․ «Նիկոլ Փաշինյան, բերեք քարերը փեշիցդ թափեք, էդ 40 000 ՀՀ դրամ բնակվարձի փոխհատուցումը շարունակեք գոնե մինչև Նոր տարի։ Իրոք ես և ինձ դիմած բազմաթիվ բռնի տեղահանված մեր հայրենակիցներ լուրջ խնդրի առջև ենք կանգնել»։
Հիշեցնենք, ապրիլի կեսին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը համաձայնել է երկու ամսով երկարաձգել 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը՝ պայմանով, որ արցախցիներն Ազատության հրապարակից պետք է հանեին պայքարի նպատակով տեղադրված վրանը։ Արցախցիները վրանը հանել էին, ի պատասխան կառավարությունը ապրիլ-մայիս ամիսների համար նույնպես արցախցիներին 40 հազարական դրամ հատկացնելու որոշում է կայացրել։ Բայց փաստացի մայիս ամսվա համար վճարումներն ուշանում են։
Արդեն պարզ է, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու հաջորդ ամիս, երբ աջակցություն այլեւս չի լինի։ Առավել եւս, որ մասնագետներն արդեն կանխատեսում են, որ Իրանից դեպի Հայաստան հոսքով պայմանավորված՝ Հայաստանում կարող են թանկանալ բնակարանների վարձավճարները։
Անշարժ գույքի ոլորտի մասնագետ Անդրանիկ Հարությունովը մի քանի խորհուրդ է տալիս վարձակալությամբ բնակվող անձանց․ «Իրանից կանխատեսվող հնարավոր միգրացիոն հոսքի ֆոնին ցանկանում եմ հիշեցնել հետևյալը։ Եթե վարձակալության պայմանագիր չունեք, անպայման կնքեք։ Եթե արդեն ունեք պայմանագիր, ոչ մի դեպքում մի համաձայնեք բնակարանի վարձավճարի միակողմանի թանկացմանը սեփականատիրոջ կողմից։ Նման դեպքերում անպայման դիմեք իրավաբանի։
Մենք ցավալի փորձ ենք ունեցել թե՛ ռուս-ռւկրաինական պատերազմի և թե՛ Արցախահայերի բռնի տեղահանման ժամանակ, երբ մարդկանց ընտանիքներով վտարում էին բնակարաններից՝ վարձակալներին ավելի թանկ հանձնելու ակնկալիքով։ Շեշտում եմ՝ խոսքը հավանական և կանխատեսելի միգրացիոն հոսքի մասին է։ Չեմ ասում, որ դա պարտադիր տեղի է ունենալու, բայց պետք է հաշվի առնել, որ իրադարձությունները զարգանում են շատ արագ»։
Ռոզա Հովհաննիսյան