Այսօր Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է խորհրդանշական համերգ՝ նվիրված բարերար Էդվարդ Ավետիսյանի հիշատակին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուներ Գևորգ Պետրոսյանը (կլարնետ) և Արսեն Սաֆարյանը (շեփոր)։
Երեկոյի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Միշել Մանգանիի, Պեդրո Իտուրրալդեի, Ռոբերտ Շումանի, Ղազարոս Սարյանի, Ջորջ Գերշվինի, Ալեքսանդր Հարությունյանի, Իգոր Ստրավինսկու /Գվիդո Ագոստիի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։
Համերգի ընթացքում ներկաները դիտել են բարերար Էդվարդ Ավետիսյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող տեսաֆիլմ։ Հիշատակի միջոցառմանը ներկա էին նաև բարերարի կինն ու զարմուհին։
Նշենք, որ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը նախատեսված է Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների համար, որի շրջանակում նրանց հնարավորություն է տրվում գեղարվեստորեն ավելի աճելու, զարգանալու և ճանաչում գտնելու, ինչպես նաև միջազգային ասպարեզում հանդես գալու որպես Արցախի մշակութային դեսպաններ։
5 տարվա համապարփակ երաժշտական կրթական ծարգիրը կապահովի երաժիշտների ռեսուրսները և բարձրորակ, կայուն երաժշտական կրթությունը։ Արցախցի 23 երաժիշտների համար անց են կացվում մասնագիտական դասեր Հայաստանի լավագույն պրոֆեսորների հետ, այցելություններ Հայաստանի թանգարաններ, վարպետության դասեր աշխարհի լավագույն արտիստների հետ, օտար լեզուների դասեր, ֆինանսական աջակցություն՝ ուսման վարձավճարի կամ մասնագիտական ծախսերի համար։
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է և իրականացվում է Արվեստ 23 ՀԿ-ի կողմից։
Մոտ ապագայում արցախցի երաժիշտներ Գևորգ Պետրոսյանը և Արսեն Սաֆարյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես կգան արտասահմանում։
Կարինե Բախշիյան