Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

  • 00:28 19.06.2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում կայացրեց գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամսով։

«Որոշումն ակնհայտ ապօրինի է, չենք կարող պատկերացնել, թե պատճառաբանություններն ինչպիսին են»,–լրագրողների հետ զրույցում հայտնեցին գործարարի փաստաբանները։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Գործարար Սամվել Կարապետյանը փաստաբանի միջոցով ուղերձով դիմել է դատարանի բակում հավաքված քաղաքացիներին։

«Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին։ Մեր հաղթանակին այլընտրանք չկա, կալանքիս որոշումն ապօրինին է»։

Սամվել Կարապետյանը քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել այս օրերին իր և ընտանիքի կողքին լինելու համար։

«Ցավոք, դատարանն ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն՝ հանուն արդարության և առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում հաջողություններիս զուգընթաց ունեցել եմ նաև դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձնվել։ Ապօրինի կալանքով ինձ չեն կարող ճնել և շեղել իմ որդեգրած սկզբունքներից»,–ասել է Կարապետյանը։