Անաստաս Իսրայելյան․ Էլ ի՞նչ եք ուզում այս մարդկանցից: Սա արտագաղթի որոշում է, ժողովրդին ստիպում են, որ թողնեն գնան մայր Հայաստանից

  • 13:01 19.06.2025

Արցախցիներն այսօր բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ։

Արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը լրագրողներին ասաց, որ մեծ հանրահավաքում իրենց ներկայացրած պահանջագրի նկատմամբ պահանջատեր են։ Նա ասաց, որ կառավարությունն իրենց հետ փորձել է առեւտուր անել, բայց արցախցիներն ասել են՝ ոչ, սոցիալական աջակցությունը պետք է լինի անժամկետ։

Հիշեցնենք, որ Անաստաս Իսրայելյանը դուրս է եկել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմից։

«Հարգելի արցախահայություն, ձեզ բոլորիդ խաբել են, որ այդ շարժումը լուծարեն, թուլացնեն։ Եվ դրա հիման վրա էլ տրվել են այդ խոստումները։ Մեզ սարքել են առեւտրի առարկա, բոորիս վաճառելու են»,- նշեց նա։

Անասատաս Իսրայելյանն ասաց, որ գործընթացներին դեմ է եղել, քանի որ ի սկզբանե պայմանավորվածությունն այն է եղել, որ եթե կառավարությունը չի գնում իր խոստումների հիման վրա կատարվելիք փոփոխությունների կատարման ճանապարհով, պետք է դադարեցնել կառավարության հետ հաղորդակցությունը եւ շարունակել պայքարը։

«Ամեն 10 օրը մեկ, որ պետք է իրազեկեին հանրությանը, չեն իրազեկել, որովհետեւ իրազեկելու բան չկար։ 10 օրը դարձել է 20 օր, 20 օրը՝ 1․5 ամիս, ժողովուրդը նորից նույն իրավիճակում է հայտնվել, սոցիալական աջակցության ժամկետը լրացել է, եւ մարդիկ հայտնվելու են փողոցներում, արտագաղթի վտանգը նորից կախված է ժողովրդի գլխին»,- ասաց նա։

Անաստաս Իրսայելյանն ասաց, որ իրենց պայքարին ոչ մի բան էլ չի խանգարում, բացի այն անձանցից, ովքեր համագործակցում են ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ։ «Եթե այս իրավիճակում ենք հայտնվել, ուրեմն այդ մարդկանց բացթողումներն են, այդ մարդկանց հավատն է, որ հավատացել են իշխանություններին ու գնացել են այդ քայլերին»,- հավելեց նա։

Անդրադառնալով կառավարության հիմնավորումներին, որ սոցալական աջակցության ծրագրերը կրճատում են, որպեսզի մարդիկ օգտվեն երկարաժամկետ ծրագրերից, օրինակ, բնակապահովման ծրագրից, Անաստաս Իսրայելյանն ասաց․ «Համաձայն չեմ, դա ի՞նչ հասկացություն է՝ երկարաժամկետ, կարճաժամկետ։ Արցախահայությունը ստիպված են եղել դուրս գալ Արցախից՝ ցեղասպանության վտանգի տակ։ Եկել ենք այստեղ, դու էդ մարդկանց տարանջատում եմ մյուսներից, բոլորս հայ ենք, բոլորս տուժած ենք։ Տավուշում սահմանազատման ժամանակ մարդկանց տները մնացին Ադրբեջանին, ամբողջական փոխհատուցում տրվեց, բայց իրենց դավաճան ու հանցագործ քայլերի հետեւանքով տեղահանված արցախցիներին ասում են՝ 40 հազարը շատ է, բերեք 30 հազար տանք, չէ, 30-նն էլ քիչ, բերեք 20 տանք։ Ձեռ եք առնում էս ժողովրդին, էս ժողովուրդը հարազատներ կորցրած ժողովուրդ է, իր տունն ու տեղը, պատմական հայրենիքը կորցրած, դուք էս մարդկանց ողորմո՞ւմ եք։ Դուք պատասխանատու եք, ձեր պատճառով է այս ամենը եղել։ Էլ ի՞նչ եք ուզում այս մարդկանցից: Սա արտագաղթի որոշում է, ժողովրդին ստիպում են, որ թողնեն գնան մայր Հայաստանից։ Մենք էլ չենք ուզում, մենք ուզում ենք այստեղ ապրել, սա մեր հայրենքին է, Արցախն է եղել է Հայաստանի մաս, ոչ թե Ադրբեջանի»,- հայտարարեց նա։