Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Մոսկվան դեմ չէ ուկրաինական կողմի որևէ ներկայացուցչի, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու, եթե Կիևը վստահի նրան երկխոսությունը վարելու հարցում։
«Ես պատրաստ եմ հանդիպել բոլորի հետ, այդ թվում՝ Զելենսկու։ Հարցը դա չէ։ Եթե ուկրաինական պետությունը վստահում է ինչ-որ մեկին բանակցությունները վարելու հարցում, ապա Աստծո սիրուն։ Հարցն այլ է՝ ո՞վ կստորագրի փաստաթղթերը», – նշել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանին «չի հետաքրքրում, թե ով է վարում բանակցությունները» Ուկրաինայի անունից, նույնիսկ եթե դա «ռեժիմի ներկայիս ղեկավարն է»։ Սակայն, ըստ նրա, հանդիպումը չպետք է լինի գործընթացի համար, այլ վերջնական արդյունքի հասնելու համար։
«Եթե սա ինչ-որ վերջնական փուլ է՝ ոչ թե անվերջ քննարկումների, այլ դրան վերջ տալու համար, ես նույնիսկ պատրաստ եմ հանդիպել», – ասաց Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինը կրկին կասկածի տակ դրեց Ուկրաինայի ներկայիս ղեկավարության լեգիտիմությունը՝ նշելով, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է հինգ տարով և չի կարող երկարաձգվել նույնիսկ ռազմական դրության ժամանակ։
«Ուշադիր կարդացեք. լիազորությունները երկարաձգելու եղանակներ չկան», – ասաց Պուտինը։