«Մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը հետեւողականորեն ջնջում է արցախցիների քաղաքական պահանջները։ Հիմա էլ սոցիալական հարցերի միջոցով ուզում է վերջնականապես ջնջել»,- այսօր կառավարության մոտ արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։
Նա արցախցիներին հորդորեց ակտիվ լինել ու դուրս գալ իրենց իրավունքների պաշտպանության համար։ «Հերիք չի հասարակ ժողովուրդը դուրս չի գալիս, արցախցիների մեջ էլ առաջացել են իրենց արեւին ղեկավարներ, որոնք ժողովրդին համախմբվելու փոխարեն կես-կես են անում։ Սա վերջն է արդեն, ժողովուրդ։ Մենք ասել էինք՝ այս անտարբերությունը, որը թե Հայաստանի, թե Արցախի իշխանությունները ներարարկում են ձեր մեջ, հետո կբերի ավելի վատ բաների։ 2020 թվականի նոյեմբերից ասել էինք, որ մեր թշնամիների թիրախը Հարդրութը չէ, այն ժամանակ Ստեփանակերտից ինձ զանգում ասում էին՝ այդպիսի բաներ մի ասա։ Տեսնում էինք եւ ասում էինք, որ թիրախը Հադրութը չէ, Ստեփանակերտն էլ չէր, թիրախն այս քաղաքն է՝ Երեւանն է։ Իրականում պետք է արցախցիներն էլ այստեղ լինեն, հայաստանաբնակ ժողովուրդն էլ, որովհետեւ Հայաստանի իշխանությունները գնում են Հայաստանի պետականության լուծարման ճանապարհով։ Եթե դուք չեք տեսնում, բազմաթիվ խելացի փորձագետներ ունենք, որոնք ասում են, վերլուծում, բացատրում են ձեզ։ Ձեր խելքը ձեր գլուխը հավաքեց»,- հայտարարեց Լեւոն Հայրյանը։
Նա ասաց, որ այստեղ պետք է ցույցեր լինեն այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ կառավարությունը կխոստանա սոցիալական հարցերը կարգավորել։ Այնուհետեւ Սահմանադրությամբ իր ունեցած պարտականությունը պետք է կատարի, այն է՝ Արցախի ու արցախցիների անվտանգության երաշխավորի իր պարտականությունները։ «Եթե չի կարողանում կատարել, թող հեռանա»,- հավելեց նա։
Հայրյանն ասաց, որ ամբողջ հայությունը պետք է համախմբվի ստեղծված իրավիճակում․ «Կոչ եմ անում, արթնացեք, արցախցու շահերը պաշտպանելով՝ դուք պաշտպանում եք Հայաստանի շահը։ Արցախցին հայ է, եթե հայը վտանգի մեջ է, եւ ՀՀ կառավարությունը տեր չի կանգնում այդ վտանգված հային, նշանակում է նա հետաքրքրված չէ հայկական պետականության գոյությամբ։ Ամեն ինչ պարզ է, նրանք չեն էլ թաքցնում։ Այսօրվանից արդեն մեղավորներ են ման գալիս, թե ում գլխին են կոտրելու Հայաստանի պետականության լուծարումը։ Ոնց որ Արցախի պետականության լուծարումն են ուզում կոտրած լինել մի քանի անմեղսունակ արցախցու գլխին, նույն ձեւի էլ արդեն սկսել են ման գալ, թե Հայաստանի համար ում են մեղադրելու։ Հայ ժողովուրդ, համախմբվեք, Արցախը դեռ լրիվ կորած չէ, եթե վերջնականապես կորցնենք, առանց Արցախի՝ Հայաստանի պետություն չի լինելու»։