Լիաննա Պետրոսյան․ «Չի կարող խոսք գնալ սոցիալական կայունության մասին, երբ տեղահանվածների բնակարանային հարցը դեռ լուծված չէ»

  • 13:57 20.06.2025

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը բարձրաձայնում է՝ փախստականների համար խոստացված երկամսյա աջակցության մայիս ամսվա 40 հազար դրամի վճարումը դեռևս չի կատարվել։

«Այս գումարը պետք է փոխհատուցեր մայիս ամսվա բնակարանի վարձը, սակայն մինչ օրս մարդիկ այն չեն ստացել։ Արդարացումը մեկն է՝ բյուջեն դեռ չի վերաբաշխվել։ Բայց ի՞նչու չեն վերաբաշխել այն ժամանակ՝ ապրիլին, երբ արդեն խոստացել էին։ Սովորական մարդը չի կարող հասկանալ նման ժամանակ ձգձգելու պատճառները։ Նա գիտի միայն այն, որ իր ապրելու հարցը կախված է այդ գումարից, և այն դեռ չկա»,- ասում է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ հրատապ աջակցության նոր ծրագիրն էլ չի կարող իրական ազդեցություն ունենալ տեղահանվածների կյանքի վրա, քանի որ նախատեսված է ընդամենը 3000 ընտանիքի համար, այն դեպքում երբ մոտ 100 հազար տեղահանված զգում է, որ ինքն էլ պետք է շահառու լինի։

«Եթե առաջնային՝ բնակարանային խնդիրը չի լուծվել, ինչպե՞ս կարող է որևէ տեղահանված մարդ համարվել ապահով։ Ես չեմ հասկանում՝ Հայաստանում ինչպիսի՞ սոցիալտնտեսական դրական տեղաշարժերի մասին է խոսքը, եթե դրա հետևանքով նվազեցվում է անգամ այդ 50, հետո 40, այսուհետ էլ 30 հազար դրամ աջակցությունը և դառնում հասանելի միայն սակավաթիվ ընտանիքների համար»,- նշում է նա։

Լիաննա Պետրոսյանի դիտարկմամբ՝ պետության կայուն զարգացման կամ վերականգնման մասին խոսել հնարավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ փախստականների ամենահիմնական՝ ապրելու և ապրուստի պայմաններն անտեսված են։