Արցախցիներն այսօր բողոքի ակցիա արեցին կառվարության շենքի մոտ՝ կառավարությանը փոխանցելով իրենց նամակ-պահանջագիրը։ Արցախցիները կառավարությունից պահանջում են․
«Հինգ տարի առաջ մեզանից որեւէ մեկը չէր պատկերացնում, որ կհայտնվենք այսպիսի պայմաններում եւ ստիպված կլինենք մեր առօրյա կենսական խնդիրների լուծման համար ամեն օր թակել տարբեր պետական դռներ»,- ասաց արցախցի քաղաքական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
Նա նշեց, որ բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները չեն պակասում, հակառակը, օրեցօր ավելանում են։ Եվ բոլոր աջակցությունները, որոնք տրամադրվում էին արցախցիներին, արդեն իսկ հասել են իրենց տրամաբանական ավարտին։ Որոշ կարճաժամկետ աջակցության ծրագրեր պետք է շարունակական լինեն մինչեւ տարեվերջ, սակայն դրանք լինելու են միայն խոցելի խմբերի համար, որոնք փոքր թիվ են կազմում։ «Եվ, ցավոք սրտի, այդ խմբերի մեջ չեն ընդգրկվելու բազմաթիվ ընտանիքներ, որոնք ունեն իրենց առօրյա հոգսերը հոգալու մեծ խնդիրներ։ Իհարկե, մենք անընդհատ լսում ենք, որ արցախցիները պետք է աշխատեն, պետք է իրենք հոգսն իրենք հոգան։ Ես բոլորիդ հավաստիացնում եմ՝ արցախցիները բոլորը պատրաստակամ են աշխատել, նրանցից շատ-շատերն աշխատում են։ Սակայն մենք տեսնում ենք, որ այդ աշխատավարձով ընդամենը հնարավոր է առօրյա հոգսերը հոգալ, իսկ բնակավարձը, որն ամենամեծ խնդիրն է այսօր տեղահանվածների համար, շարունակում է մնալ խնդիր»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը երկու ամսով երկարաձգելուն զուգահեռ կառավարությունը խոստացել էր իրականացնել այնպիսի ծրագրեր, որ տեղահանվածների սոցիալական վիճակը բարելավվեր, եւ մարդիկ այլեւս այդ 40 հազարական դրամների կարիքը չունենային։ «Ցավոք սրտի, իմ կողմից իրականացված սոցիալական հարցումների արդյունքում ես պարզել եմ, որ մեր տեղահանված հայրենակիցների ավելի քան 95 տոկոսի մոտ այս ամբողջ ժամանակահատվածում որեւէ դրական տեղաշարժ չի եղել։ Իսկ վերջին 40 հազար դրամն առ այսօր չկա, այսինքն՝ մայիս ամսվա դիմաց վճարումը չկա։ Մենք ահազանգում ենք, որ տեղահանվածները մեծ խնդրի առջեւ են կանգնելու։ Հունիսի մեկից այլեւս չկա այդ աջակցությունը»,- նշեց նա։
Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ եթե մարդկանց բնակարանային խնդիրը չի լուծվել, ապա պետք է աջակցության ծրագիրը շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ վարձով են բնակվում։ Նա նշեց, որ այսօր անշարժ գույքի շուկայում ահավոր վիճակ է, Իրանից հոսքով պայմանավորված՝ անշարժ գույքի շուկայնում արդեն գների բարձրացում կա։ Բնակարանների տերերն արդեն իսկ արցախցիներին զգուշացնում են՝ եթե վճարումների ուշացումները շարունակվեն, պետք է ազատեն բնակարանները։ Ըստ Պետրոսյանի՝ կառավարության այս որոշման պատճառով արցախցիների 50 տոկոսից ավելին հունիսի մեկից չի ստանալու որեւէ աջակցություն։
Անդրադադառնալով բնակապահովման ծրագրին՝ նա ասաց․ «Փաստացի դեռեւս ունենք բազմաթիվ ընտանքիներ, որոնք չեն կարողացել օգտվել բնակապահովման ծրագրից։ Ծրագրի մեկնարկի օրվանից ես անընդհատ խոսում էի այդ ծրագրի խնդիրների մասին, որոնք խոչընդոտ են հանդիսանում, որպեսզի մեր հայրենակիցներն օգտվեն այդ ծրագրից։ Եվ այսօր, երբ բանակապահովման ծրագրի մասին խոսում են որպես բնակվարձի տրամադրման այլընտրանք, հաշվի չեն առնում, որ որոշման մեջ բազմաթիվ հարցեր կան, որոնք դրվել են հանրային քննարկման, սակայն առ այսօր չեն հաստատվում, որպեսզի մարդիկ կարողանան ընթացք տալ արդեն ստացած սերտիֆիկատին»։