Լե Բուրժեի ավիաշոուի ժամանակ լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրեց այն առաջարկները, որոնք եվրոպացի նախարարները պատրաստվում են ներկայացնել Ժնևում ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարի հետ բանակցությունների ժամանակ։
Մակրոնի խոսքով՝ առաջարկը բաղկացած է չորս հիմնական կետից։
Առաջինը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) աշխատանքի վերսկսումը Իրանում և ուրանի զրոյական հարստացման անցումը։ Երկրորդը՝ Իրանի բալիստիկ հրթիռների նկատմամբ վերահսկողությունը։ Երրորդը՝ տարածաշրջանում Թեհրանի կողմից վերահսկվող խմբավորումների ֆինանսավորման դադարեցումը։ Վերջապես՝ Իրանի կողմից «պատանդների» ազատ արձակումը, այսինքն՝ իրանական բանտերում պահվող օտարերկրյա քաղաքացիներին։
«Իրանը պետք է ցույց տա, որ պատրաստ է միանալ այն բանակցային հարթակին, որը մենք դնում ենք սեղանին», – լրագրողներին ասաց Մակրոնը։
Մեկ օր առաջ Բրիտանիայի արտգործնախարար Լամմին Վաշինգտոնում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որից հետո ասել էր. «Հիմա կա հաջորդ երկու շաբաթվա պատուհան՝ դիվանագիտական լուծման հասնելու համար»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկշաբաթյա ժամկետ է տվել որոշելու համար, թե արդյոք ԱՄՆ-ն կմիանա Իսրայելի հարձակումներին Իրանի վրա։ Այս մասին մեկ օր առաջ հայտարարել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարը ուրբաթ օրը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ իր երկիրը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, մինչև Իսրայելի հարվածները չդադարեն։
«Ամերիկացիները ցանկանում են բանակցություններ և բազմիցս ազդանշաններ են ուղարկել, բայց մենք հստակեցրել ենք, որ երկխոսության տեղ չկա, մինչև [ագրեսիան չդադարի]», – Արաղչիի խոսքերն է մեջբերում IRNA-ն։ «Մենք չենք բանակցում Ամերիկայի հետ որպես այս հանցագործության հանցակցի»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների և նրանց իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի միջև Ժնևում կայանալիք հանդիպումից առաջ, հաղորդում է Guardian-ը։
Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է ցանկացած պահի անմիջական շփման իրանցիների հետ»։
Ռոյթերսի տվյալներով՝ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել այս շաբաթ։ Այս զրույցների ընթացքում իրանցի նախարարն ասել է, որ Իսրայելի հարվածների դադարեցումը Թեհրանի բանակցություններին վերադառնալու պայման է։
Բանակցությունների ընթացքում նաև կարճ քննարկվել է մայիսի վերջին Իրանին ներկայացված ԱՄՆ-ի առաջարկը՝ ստեղծել տարածաշրջանային կոնսորցիում Իրանից դուրս ուրանի հարստացման համար, առաջարկ, որը Թեհրանը մինչ օրս մերժել է։
Գործակալությունը նշել է, որ այս շաբաթվա բանակցությունները ամենաէական անմիջական շփումներն էին ապրիլին երկու կողմերի միջև բանակցությունների սկսվելուց ի վեր։ Թեհրանին մոտ կանգնած տարածաշրջանային դիվանագետը հայտնել է, որ Արաղչին Վիտկոֆին ասել է, որ Իրանը կարող է զիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում, եթե Վաշինգտոնը ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ դադարեցնելու ռմբակոծությունները։