Հայկական կարմիր խաչը հայ–իրանական սահմանին առաջին օգնության կետ է տեղակայել

  • 16:39 20.06.2025

Հայկական կարմիր խաչի ընկերությունը առաջին օգնության կետ է բացել Հայաստան–Իրան սահմանային անցակետում՝ կապված Իրանից մարդկանց հոսքի հետ։

Հայկական կարմիր խաչի ընկերության լրատվության և լուսաբանման բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը զրույցում նշեց. «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես պետությանը օժանդակող կառույց և որպես մարդասիրական կառույց, ի դեպ, ամենահին կառույցներից մեկը Հայաստանում, արդեն 105 տարեկան, առավոտից այստեղ է, իհարկե, աղետների կառավարման բաժինը իր գնահատումն է իրականացրել, տարածքի զննություն է իրականացրել, այս պահին ունենք տեղակայված առաջին օգնության մեկ կետ և ենթադրաբար նաև ևս մեկը կտեղադրենք։

Առաջին օգնության կետերը նախատեսված են, բնականաբար, ոչ միայն Հայաստան մուտք գործած անձանց առաջին օգնություն ցուցաբերելու, նաև հումանիտար այլ նշանակության աջակցություն ցուցաբերելու և անգամ հետագա հնարավոր երկարաժամկետ աջակցության համար։ Այս պահի դրությամբ, այնտեղ ինչ-որ ջրի օգնություն, առաջին օգնություն կամ տվյալների հավաքագրում, թե մարդիկ առաջինը հենց ինչի կարիք ունեն, և ըստ կարիքի նաև ուղղորդում ենք դեպի մեր կենտրոնական գրասենյակ՝ Պարոնյան 21/1, որտեղ նրանց արդեն մեր մյուս գործընկերներն են աջակցության ծրագրերին ծանոթացնում։

Մեզ դիմում են նաև թեժ գծի հեռախոսահամարի միջոցով։ Ի դեպ, մեզ լսողները ևս կարող են ցանկացած հարցի պարագայում զանգահարել 81-84 հեռախոսահամարին, դիմում են նաև անձնապես այցելելով ազգային ընկերություն։ Մենք, բնականաբար, կենտրոնական գրասենյակում աշխատող մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ լինելով, ունենք տվյալներ, որ այսօր մոտ, 5-7 ընտանիք մոտեցել է և արդեն իրենց կարիքները արձանագրել են, թե ինչի պահանջը կարիքը»,– ընդգծեց Արթուր Հովհաննեսյանը։