Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկել են երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորման ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Էրդողանն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը, հաղորդում է ՀՀ կառավարությունը:
Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։
Էրդողանը, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտարարել է, որ Անկարան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։
Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
Կողմերը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև առկա շփումները, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հետագա քայլերի հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Էրդողանը հաստատել է, որ Անկարան կշարունակի աջակցել տարածաշրջանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, որոնք հիմնված են փոխադարձ շահի սկզբունքների վրա։
Էրդողանը նշել է, որ շարունակում է սերտորեն խորհրդակցել տարածաշրջանային առաջնորդների հետ՝ հետագա սրումը կանխելու համար։ Թուրքիայի հաղորդակցությունների վարչությունը նշել է, որ Փաշինյանի այցը կարևոր քայլ էր երկխոսության գործընթացում, որն Անկարան ձգտում է զարգացնել աճող անվտանգության մարտահրավերների պայմաններում։