Ըստ էության, մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից, ըստ էության, սա նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն է, և սա մեր երկրների շահերից է բխում։ Այս մասին Էրդողանի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ է նշանակում՝ սկսել զրոյից։ Արդյո՞ք Հայաստանն ու Թուրքիան փոխադարձաբար ճանաչում են ռուս-թուրքական Կարսի պայմանագրով գծված սահմանները։ Եթե այո, ապա Նախիջևանը, Կարսը, Արդահանը և Արարատ լեռը այսուհետ ևս կմնան Հայաստանի Հանրապետության տարածքներ, որոնք ժամանակավորապես և անօրինական կերպով փոխանցվել են Ադրբեջանին և Թուրքիային և չեն կարող համարվել այդ երկրների տարածքային ամբողջության մաս։
Իսկ եթե Կարսի պայմանագիրը չեղյալ է հայտարարվում, ապա այդ նույն տարածքները պետք է վերադարձվեն Հայաստանին։ Այս տարածքները մինչ օրս մնում են վիճելի, և Անկարան ու Բաքուն լավ գիտակցում են դա։ Ինչպես որ Ղարաբաղի տարածքը վիճելш է ավելի քան 100 տարի, և հայկական պետության կողմից Ղարաբաղի հանդեպ իրավունքից հրաժարվելը ևս սկսվեց Փաշինյանի հայտարարությամբ, որ նա սկսում է զրոյից։
«Անցյալ տարի Նյու Յորքում ես հանդիպում ունեցա Թուրքիայի նախագահի հետ։ Այս ընթացքում մենք մի քանի հեռախոսազրույցներ ունեցանք, եւ, իհարկե, սա շատ կարեւոր հանգրվան է։
Ի՞նչ է փոխվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում։
Փաշինյանի խոսքով՝ շատ էական բան, հիմա երկրներիմիջև միջնորդ պետք չէ։
Փաշինյանը հիշեցրել է, որ այժմ Ստամբուլից Երեւան թռիչք կա՝ վստահություն հայտնելով, որ ցամաքային սահմանը նույնպես կբացվի։
Երևանի առաջ քաշած տարածաշրջանի ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է լինել Թուրքիայի կողմից պաշտպանվող «Միջին միջանցքի» նախագծի մաս, երեկ Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Փաշինյանը:
«Հիմա Թուրքիայի համար շատ կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը»: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր առանձնահատկություներից մեկն այն է, որ այն լիարժեքորեն ներգրավվում է Թուրքիայի կողմից պաշտպանվող և առաջ մղվող «Միջին միջանցքի» նախագծում: Եվ գոնե ինձ համար ակնհայտ է, որ «Խաղաղության խաչամերուկը» կարող է լինել «Միջին միջանցքի» նախագծի մաս: Եվ ես այսօր հենց այդ թեմայով վստահաբար կխոսեմ նախագահ Էրդողանի հետ»- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը կրկին նշեց, որ «Խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի բացել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ հիմնվելով այն երկրների ինքնիշխանության և իրավասության սկզբունքի վրա, որոնց միջով անցնելու են այդ երթուղիները։
Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա կոչ արեց չսփռել խուճապ և չտրվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թուրանի միջանցքի» վերաբերյալ մանիպուլյացիաներին։
«Ես չեմ հասկանում մեր տրամաբանությունը, հայերի տրամաբանությունը, որոնք տագնապ են հնչեցնում՝ ասելով, որ իրենց նպատակը «Թուրանն» է։ Բայց եկեք հասկանանք, թե ինչ են նրանք ուզում։ Նրանք ուզո՞ւմ են անցնել Հայաստանի տարածքով։ Լավ, թող անցնեն։ Դա վա՞տ է։ Մենք ինքներս ենք սա առաջարկում «Խաղաղության խաչմերուկ» նախագծով։ Նրանք մեզ ասում են, որ մենք ուզում ենք գնալ հյուսիս, հարավ, արևմուտք և արևելք։ Մենք նրանց ասում ենք՝ գնացեք։ Եվ ինչո՞ւ ոչ։ Կարո՞ղ եք պատկերացնել 21-րդ դարում մի երկիր, որի սահմանները փակ են», – ասաց Հայաստանի վարչապետը։
Միաժամանակ, Փաշինյանը կրկին նշեց, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինի, կլինի «Խաղաղության խաչմերուկ»։ Նրա խոսքով՝ սա նշանակում է փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և երկրների իրավասության վրա հիմնված երթուղիների գործունեություն։
Նա կոչ արեց նաև պատրաստ լինել այն փաստին, որ եթե «Խաղաղության խաչմերուկը» բացվի, Ադրբեջանը դա դեռ կմեկնաբանի որպես «Զանգեզուրի միջանցքի» բացում։
Նշենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան պնդում են, որ Հայաստանը բացի Սյունիքի միջով արտատարածքային միջանցք։