Միրզոյանը Կալլասին չի դատապարտել օկուպացված Շուշի ԵՄ դեսպանի այցի համար

  • 22:00 21.06.2025

Ադրբեջանի իշխանությունները երկրում հավատարմագրված մի խումբ դեսպանների եւ օտարերկրյա դիվանագետների հերթական ուղեւորությունն են կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այցելուների թվում է նաեւ Եվրամիության առաքելության ղեկավար Պետեր Միխալկոն։

«Շուշայում գտնվելը հրաշալի է։ Շուշան իսկապես Ադրբեջանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Ես բազմիցս եմ եղել Ղարաբաղում, եւ ինչպես ամենուր Ադրբեջանում, տեսել եմ հրաշալի վայրեր։ Մենք հիացած ենք այստեղ շարունակվող շինարարարական աշխատանքներով, տեսնում ենք, որ մարդիկ վերադառնում են այստեղ եւ սկսվում է նոր կյանք»,- ԱՊԱ -ի փոխանցմամբ ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Հայաստանի արտգործնախարարն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին, հայտնում է Հայաստանի արտաքին գերատեսչությունը:

«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից Հայաստանի տարածքով տարհանման հնարավորությանն ու արձանագրված ցուցանիշներին»,- նշված է հաղորդագրությունում:

Միրզոյանն ու Կալասը նաև անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին:

Երեկ էլ եվրոպացի պաշտոնյան հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ բարձր գնահատելով Ադրբեջանի դերն Իրանից օտարերկրյա քաղաքացիների տարհանման գործում:

ՀՀ արտգործնախարարը չի առարկել Եվրամիության դեսպանի այցը օկուպացված Շուշի։ Արցախի հարցը փակված չէ, ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է, ոչ մի պաշտոնական փաստաթղթով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչված չէ, և Եվրամիությունը պաշտոբապես չի փակել Արցախի հարցը։