Հունիսի 21-ը աշխարհում Բուժաշխատողի օրն է։ Բժիշկները մարդիկ են, ովքեր պահպանում են մեր առողջությունը ցանկացած իրավիճակում։ Նրանց ներդրումը Արցախյան ազատագրական պայքարում դժվար է գերագնահատել։ Արցախյան չորս պատերազմների ընթացքում նրանք, չխնայելով իրենց, քաջաբար պայքարել են մարտադաշտում վիրավորված յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։
Չնայած պատերազմի բոլոր դժվարություններին, նրանք ծառայել են արժանապատվորեն՝ առանց մեկ րոպե կանգ առնելու՝ կրակի տակ, նկուղներում, պատշաճ լուսավորության և անհրաժեշտ դեղորայքի բացակայության պայմաններում։ Նրանք ամեն օր կատարել են բարդ վիրահատություններ՝ փրկելով հարյուրավոր կյանքեր։
Վիրավորների վերականգնման մասին խոսելով՝ կարևոր է նշել Ստեփանակերտի Կ. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի դերը։ 25 տարվա գործունեության ընթացքում Արցախում կենտրոնը կարողացել է օգնել շատերին։ Կենտրոնի մասնագիտական թիմի շնորհիվ հարյուրավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ, այդ թվում՝ պատերազմի վետերաններ, ոտքի են կանգնել և վերադարձել լիարժեք կյանքի։
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ, ով մասնագիտությամբ բուժքույր էր և հասկանում էր հետպատերազմյան շրջանում նման կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը։
1999 թվականի մարտին, Ք. Քոքսի հրավերով, վերականգնողական մասնագետ Վարդան Թադևոսյանը ժամանեց Արցախ և դարձավ վերականգնողական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը։
Կազմակերպվեց մասնագետների վերապատրաստման մեկամյա դասընթաց: Դրանից հետո՝ արդեն 2000 թվականին, Կենտրոնը սկսեց գործել: Ամեն տարի կենտրոնի գործունեության և ծառայությունների շրջանակը ընդլայնվում էր: Դրանք են՝ վերականգնողական բժշկի, թերապևտի, հոգեբանի և լոգոպեդի խորհրդատվությունները, ֆիզիոթերապիան, էրգոթերապիան, ջրային թերապիան, արտթերապիան և այլն:
Հիմնադրումից ի վեր Կենտրոնի մասնագետները բժշկական օգնություն են ցուցաբերել նաև տանը: Դրա շնորհիվ ծանր ախտորոշումներով ավելի քան 500 հիվանդ կարողացել է ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն:
Վերականգնողական կենտրոնն իր գործունեության շրջանակներում իրականացրել է բազմաթիվ նախագծեր: 2007 թվականին բացվել է մանկական առողջության կենտրոն, որտեղ 25 տարվա ընթացքում տարբեր ախտորոշումներով ավելի քան 200 երեխա կարողացել է անցնել վերականգնողական բուժում և ինտեգրվել հասարակությանը:
Բացի այդ, 2017 թվականին բացվել է աուտիզմով երեխաների ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ տարեկան բուժվել է 72 հիվանդ:
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը չի դադարեցրել աշխատանքը նույնիսկ արցախյան շրջափակման ամենադժվար ժամանակահատվածում՝ տարրական կենսապայմանների բացակայության պայմաններում, և դադարեցրել է իր գործունեությունը միայն արտագաղթի օրերին։
Հարկադիր տեղահանությունից հետո Կ. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը, հասարակական կազմակերպության շրջանակներում, շարունակում է իր առաքելությունը։ Մասնավորապես, նրանք աջակցություն են ցուցաբերում արցախցի բնակչության ամենախոցելի խմբերին՝ իրականացնելով մի շարք ծրագրեր։ Մասնավորապես, իրականացնում են տնային այցելություններ, հիվանդներին տրամադրում են բժշկական պարագաներ և անհրաժեշտ խորհրդատվություններ։
Աշխատում են նաև Երևանի այրվածքաբանական կենտրոնում՝ օգնելով կենտրոնի բժշկական անձնակազմին Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ վիրավորված մարդկանց վերականգնման գործում։
2024 թվականին «Զարգացում և ինտեգրում» նախագիծն է իրականացվել “Լուսե” վերականգնողական կենտրոնի հետ համատեղ՝ UNICEF հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրում ներգրավված են եղել տարբեր ախտորոշումներով 100 երեխա՝ Արցախից և Հայաստանից: Նրանք անցել են վերականգնողական գործընթաց, որին մասնակցել են նաև նրանց ընտանիքները։
Բուժումը զուգորդվել է Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր էքսկուրսիաներով: Կազմակերպվել է ուղևորություն դեպի Սևան․ շատ հիվանդներ այստեղ են այցելել առաջին անգամ:
Բարոնուհի Քերոլայն Քոքսի և այլ բարերարների աջակցությամբ կենտրոնը կարողացավ ձեռք բերել շենք և ստանալ նոր հասցե՝ Եղվարդ, Նար-Դոս փողոց, 44։
Շենքը կապիտալ է, բայց հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հետևաբար, անհրաժեշտ է վերակառուցում, որը կապված է լրացուցիչ միջոցների որոնման հետ։
Վերակառուցման ավարտից հետո կենտրոնը կրկին կբացի իր դռները բոլոր նրանց համար, ովքեր վերականգնման կարիք ունեն, և կդառնա մի վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են անցնել վերականգնողական բուժում, գտնել նոր մասնագիտություն, դառնալ ավելի անկախ և ինտեգրվել հասարակությանը։
Արսեն Աղաջանյան