22 июня, ровно в 4 часа… Թրամփը սպառնում է Իրանին հզոր հարվածներով, եթե վերջինս հակահարված տա

  • 08:47 22.06.2025

Դոնալդ Թրամփը դիմելով ազգին, Իրանի դեմ գործողությունն անվանեց «նշանակալի ռազմական հաջողություն», ասելով, որ բոլոր երեք միջուկային օբյեկտներն էլ «լիովին ոչնչացվել են», և որ «ահաբեկչության գլխավոր հովանավորի» կողմից միջուկային սպառնալիքը վերացվել է։

Ազգին ուղղված իր ուղերձում Թրամփը ռմբակոծությունները անվանեց «նշանակալի ռազմական հաջողություն» և ասաց, որ Իրանը պետք է հիմա խաղաղություն կնքի։ Նա հիշեցրեց, որ ոչնչացված օբյեկտներն ամենամեծն ու ամենավտանգավորն էին, բայց որ Իրանում «դեռ շատ թիրախներ են մնացել», և հետագա հարձակումները կարող են ավելի ավերիչ լինել։

«Սա չի կարող շարունակվել։ Իրանի համար կամ խաղաղություն կլինի, կամ ողբերգություն», – ասաց Թրամփը։ Նա սպառնաց Իրանին ավելի հզոր հարվածներով, եթե այն հակահարված տա ԱՄՆ գործողություններին։

ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա կատարված հարվածներից՝ դրանք անվանելով «վտանգավոր սրացում» և խաղաղության ու անվտանգության ուղղակի սպառնալիք։

«Ես խորապես անհանգստացած եմ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուժի կիրառմամբ։ Սա վտանգավոր սրացում է արդեն իսկ փլուզման եզրին գտնվող տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

«Գործողությունից անմիջապես հետո նախագահ Թրամփը զանգահարեց ինձ։ Դա շատ ջերմ, շատ հուզիչ զրույց էր… Նախագահ Թրամփը ազատ աշխարհի ուժեղ առաջնորդ է։ Նա Իսրայելի մեծ բարեկամն է, աննախադեպ ընկեր», – հավելել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։