Մարտակերտի շրջանից եմ տեղահանվել։ Չեմ հիշում, որ որևէ օր մտածեի, թե այսօր ինչ են ուտելու երեխաներս

  • 14:38 23.06.2025

Ուշադրությունս գրավեց ճանապարհին անօգնական կանգնած մի տղանարդ կլիներ 6570 տարեկան։ Չտեսնող հայացքով շուրջբոլորն էլ նայում չէի կարող չմոտենալ։ Անմիջապես հասկացա, որ արցախցի է։ Հարցին, թե ինչո՞ւ է այդպես մտամոլոր կանգնել, զարմացած նայեց ինձ ու երկար հոգոց հանեց։ Հասկացա՝ մարդը հոգեբանորեն ճնշված է։ Լուռ կանգնեցի կողքին։ Մի քանի րոպե հետո մարդը խոսեց ասես ինքն իր հետ է զրուցում:

-Մարտակերտի շրջանից եմ տեղահանվել։ Չեմ հիշում, որ որևէ օր մտածեի, թե այսօր ինչ են ուտելու երեխաներս։ Անգամ շրջափակման ժամանակ իմ տնտեսությունը կերակրում էր մեզ․․․ Դե հիմա ի՞նչ անեմ, ո՞վ կասի ինձ։ Առավոտյան արթնացա թոռնիկիս լացի ձայնից․ մայրիկից ինչ որ քաղցրավենիք էր ուզում։ Մայրը հանգստացնում էր նրան, ասելով, որ շուտով աջակցության գումարը կտրամադրվի, ու ինքը շատ համեղ բաներ կգնի։ Թոռնիկս չէր հավատում՝ միշտ ես այդպես ասում․․․  Չկարողացա դիմանալ, դուրս եկա տանից, որ չլսեմ մոր ու տղայի այդ փոքրիկ վեճը։ Չգիտեմ էլ, թե ինչպես եմ հայտնվել այս փողոցում։

Ապրում ենք երեքով՝ ես, աղջիկս ու թոռս։ Կինս հիվանդության պատճառով մահացել է տարիներ առաջ․ երբեմն մտածում եմ, երանի նրան, որ չի տեսնում այս ամենը:

Արցախցիներին տրվող բնակաջակցության գումարը հերիքում է միայն տան վարձավճարին։ Ես թոշակ եմ ստանում, աղջիկս օրավարձով աշխատանք է գտել ինչ-որ խանութում։ Գոյատևում ենք մի կերպ, բայց ի՞նչ կլինի հետո: Մենակ մի բանի մասին եմ երազում․ ինչ-որ հրաշք լինի, ու մենք հայտնվենք մեր հողում․․․

Տղամարդն առանց պատասխանի սպասելու, ձեռքն օդում թափ տալով, հեռացավ։ Չսպասեց անգամ, որ գոնե մի կարեկցանքի խոսք ասեմ, հուսադրեմ չէ՞ որ շատերն են նրա կարգավիճակում: Մի քանի քայլ անելուց հետո, սակայն, շրջվեց ու բարձրաձայն ասաց՝ տեսնես գոնե այսօր կտա՞ն աջակցությունը։ Ու նորից գլխիկոր շարունակեց ճանապարհը․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ