ԱԳՆ․ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»

  • 19:40 23.06.2025

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։

«ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։

ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։

Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։

ԻՀԿ կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամանաբանական խզում է առաջացնում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ ԻՀԿ դիրքորոշման հետ:

Զարմանք է առաջացնում նաև Խոջալուի դեպքերի թյուր մեկնաբանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք։

Ափսոսանք է առաջացնում այն, որ ընդունված հռչակագիրը, շեղվելով ԻՀԿ անդամների կողմից ս.թ. մարտին և հաջորդիվ արված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարություններից, պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ։ ԻՀԿ անդամների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, ինչպես նաև առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ: Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց։

Խոր ափսոսանք է առաջացնում նաև մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը. անտեսնելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը՝ բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում՝ սնելով  թյուր և վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը և հոգատար վերաբերմունքը իսլամական  մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է և հեշտությամբ ապացուցելի:

ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից:

Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական  հնարավորություն, որևէ միջազգային կազմակերպության նման գործելաոճը չի նպաստում այդ հնարավորության արդյունավետ իրացմանը։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին իրացման ռազմավարությանը և միջազգային գործընկերներին, այդ թվում Իսլամական Համագործակցության կազմակերպությունից ակնկալում է աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին»,- ասվում է հայտարարությունում։

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 21-22-ը Ստամբուլում, ավարտել է իր աշխատանքները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկատվություն է տարածել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի վերջնական որոշումների վերաբերյալ, որում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին։ Նշվում է, որ նստաշրջանի արդյունքում ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը», ինչպես նաև Բաքվի կողմից նախաձեռնված 5 բանաձև։

Դրանցից մեկը վերաբերում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին։ «Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին» բանաձևում, որն առաջին անգամ ընդունվել է ԻՀԿ շրջանակներում, անդամ պետությունները իրենց աջակցությունն են հայտնել, այսպես կոչված, ««Արևմտյան Ադրբեջանի» համայնքի՝ արժանապատվորեն հայրենիք վերադառնալու իրավունքին և դատապարտել են Հայաստանի կողմից այս համայնքի իրավունքների ժխտումը»։ Նշված բանաձևի հետ մեկտեղ, «Ստամբուլի հռչակագիրը» ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացը և կոչ է անում հայկական կողմին «վերացնել քաղաքական և իրավական մարտահրավերները, որոնք խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Հռչակագրում  նաև աջակցություն է հայտնվում Ադրբեջանի վերակառուցման և ականազերծման ջանքերին՝ ուղղված «հայկական ագրեսիայի հետևանքով իրենց հողերից վտարված ներքին տեղահանված անձանց արժանապատիվ վերադարձն ապահովելուն»։ Հռչակագրում ի թիվս այլ բաների, հաստատվում է «ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը և դատապարտում է հայկական կողմի հրաժարումը «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ երկխոսություն սկսելուց»։

«1992 թվականի Խոջալուի ցեղասպանության զոհերի հետ համերաշխություն» բանաձևը կրկին խստորեն դատապարտում է 1992 թվականի փետրվարին իբրև թե «Հայաստանի  զինված ուժերի կողմից Ադրբեջանի  Խոջալու քաղաքում կատարված ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները, և կոչ է անում կազմակերպության անդամ պետություններին ձեռնարկել անհրաժեշտ ջանքեր՝ կատարված հանցագործությունները ճանաչելու համար»։

«Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների վերացումը» վերնագրով բանաձևը կրկին խստորեն դատապարտում է «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ» և  աջակցություն է հայտնում «հետհակամարտական ​​շրջանում օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին»։

«Տնտեսական աջակցություն Ադրբեջանի Հանրապետությանը» բանաձևում ԻՀԿ անդամ պետություններին, ինչպես նաև իսլամական ֆինանսական հաստատություններին կոչ է արվում աջակցել  Ադրբեջանի  վերականգնման և ականազերծման աշխատանքներին։ «Ադրբեջանի Հանրապետության տարածքում իսլամական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը  ՀՀ-ի կողմից կողմից Ադրբեջանի դեմ ագրեսիայի արդյունք» վերնագրով բանաձևն էլ  խստորեն դատապարտում է «Ադրբեջանի տարածքում իսլամական մշակութային ժառանգության նմուշների նկատմամբ Հայաստանի կողմից կատարված վանդալիզմի գործողությունները և աջակցում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ այս հանցագործությունների համար առաջ քաշված փոխհատուցման պահանջին»։ Այս մասին հայտնում է 
© factor.am
-ը։