Իրանը պատասխանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծություններին Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա վեց բալիստիկ հրթիռ արձակելով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաներին։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում հայտնել է, որ Իրանը վեց հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Նմանատիպ տեղեկատվություն է հաղորդել նաև Haaretz թերթը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
Պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում, հաղորդում են TASS-ը և Reuters-ը։ Ենթադրաբար, դրանք առաջացել են հակաօդային պաշտպանության համակարգերից։
Հարվածից մոտ 20 րոպե առաջ Կատարը փակել է իր օդային տարածքը։
Կատարում է գտնվում Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազան՝ Ալ Ուդեյդը, որտեղ տեղակայված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) օպերատիվ շտաբը։ Այնտեղ ծառայում է 10 հազար մարդ։
Reuters-ը գրել է, որ Պենտագոնն անցյալ շաբաթ որոշել է ինքնաթիռները հանել բազայից։
Կատարի իշխանությունները հայտարարել են, որ Ալ Ուդեյդ ռազմաբազան (ԱՄՆ վերահսկողության տակ) տարհանվել է նախկինում ընդունված անվտանգության միջոցառումների համաձայն։
Այսպիսով, եթե հավատանք Կատարի իշխանություններին, պարզվում է, որ Իրանը հարվածել է արդեն տարհանված օբյեկտին։ Սա կարող է ճիշտ լինել։ Ըստ New York Times-ի, Իրանի իշխանությունները զգուշացրել են Կատարին առաջիկա հրթիռային հարվածի մասին՝ ավելորդ զոհերից խուսափելու համար։
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի շարք ամերիկյան կործանիչներ թռիչք են կատարել Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայից և ուղղություն են վերցրել դեպի Իրան։