Ստեփանակերտի քաղաքապետի գործով դատ․ ձեզ չե՞ն մեղադրել, որ մեքենաները Արցախում եք թողել

  • 22:06 23.06.2025

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի եւ ավագանու անդամների գործով հերթական դատական նիստը։

Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին մեղադրվում են Արցախից բերված ավտոմեքենաները որպես նվիրատվություն օտարելու որոշման համար։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց։

Պաշտպանության կողմը մեղադրանքի առաջին իսկ օրվանից հայտարարում էր դրա անհեթեթության մասին, քանի որ չկար ու չէր էլ կարող լիներ տուժող, ինչը պարտադիր է հափշտակության բոլոր հանցակազմերում։ Ի վերջո, 2024թ. դեկտեմբերի վերջին քննչական մարմինը փաստացի ընդունեց պաշտպանների փաստարկները եւ վերացրեց խարդախության մեղադրանքը:

Սակայն քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն Դավիթ Սարգսյանին եւ ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվեց մեկ այլ հիմնազուրկ մեղադրանք՝ ինքնաիրավչություն։

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին վկաները։ Արցախի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ ղեկավար Գագիկ Պողոսյանը ներկայացրեց, թե ինչպես են օտարվել Հայաստան տեղափոխված «Ջրմուղ կոյուղու» մեքենաները։ Դատավորը հարցրեց՝ ո՞նց է որոշվել, եւ նպատակը ո՞րն էր, որ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին պատկանող ավտոմեքենաները նվիրատվության եղանակով պետք է օտարվեն։

«Շատ պարզ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ով ավտոն հասցրել է Հայաստան, նվիրում ենք այդ մարդկանց։ Ես չեմ բերել, դրա համար չեմ վերցրել»,- ասաց Գագիկ Պողոսյանը։

Նա նշեց, որ որպես նվիրատվություն օտարման որոշումը կայացրել են բանավոր, իսկ ավագանին որոշումը հաստատել է։ Նա նաեւ նաեւ ասաց, որ Արցախի «Ջրմուղ կոյուղու» դրամական միջոցները սառեցված են, ՀՀ կառավարությունն է սառեցրել։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո մարդկանց արձակուրդային եւ մյուս վճարները չեն վճարվել։

«Սաղ մնացել էր օդի մեջ, որովհետեւ մեզ ոչ մեկ ստեղ որպես Ջրմուղ կոյուղի չի ճանաչում։ Հայաստանում էլ ոչ մեկ չի հետաքրքրվել այդ գույքով»,- հավելեց Գագիկ Պողոսյանը։

Նա նշեց, որ 17-20 մեքենա-մեխանիզմ ունեին Արցախում, բայց դրանցից ընդամենը 5-ն են բերել Հայաստան։ Դատավորը հարցրեց՝ ո՞նց է եղել, որ դրանցից 5-ն եք բերել։ «Առաջինը՝ քշող չի եղել, երկրորդը՝ նորմալ վիճակում չէին, որ այդ 400 կմ ճանապարհը անցնեին»,- պատասխանեց վկան։

Նա ասաց, որ մոտ 15 մեքենա-մեխանիզմ մնացել է Արցախում։ Դատավորը հարցրեց. «Իսկ ձեզ մեղադրանք չեն առաջադրե՞լ, որ այդ մեքենաները թողել եք այնտեղ»։ «Հլա որ չէ, ճիշտն ասած՝ մտածում եմ, բայց հլա ոչ մի բան չեն ասել»,- պատասխանեց վկան։

Նա մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են այդ մեքենաները օտարել իրենց աշխատակիցներին։ Օրինակ՝ աշխատակիցներից մեկը բռնի տեղահանության օրերին ավտոմեքենա չի ունեցել, որպեսզի ընտանիքը տեղափոխեր Հայաստան։ Գագիկ Պողոսյանը Ստեփանակերտում պատահաբար հանդիպելով նրան եւ տեղեկանալով այդ մասին՝ առաջարկել է մեքենաներից մեկը վերցնել ու ընտանիքը տեղափոխել։

Մյուս վկան Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Բաղրամյանն էր, ով ասաց, որ ավագանին արդեն Երեւանում նիստ է հրավիրել եւ որոշել ՀՀ տեղափոխված ավտոմեքենաները նվիրատվության կարգով օտարել։ Ստեփանակերտի քաղաքապետի ծառայողական մեքենան օտարվել է քաղաքապետին։

Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ դրա անհրաժեշտությունը ծագել է, քանի որ ապահովագրության եւ այլ հարցեր կային։ Իսկ Արցախի պետական հաստատությունների դրամական միջոցները սառեցված են ու կալանքի տակ։