Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ եւս մեկ՝ մեծ բողոքի ակցիա կազմակերպելու նպատակով եւ նշվում է, որ այս անգամ անհնազանդության ակցիա է սպասվում։
Step1.am-ը խոսել է Խորհրդի անդամ Ապրես Մարգարանի հետ, ով նշել է, որ անհնազանդության ակտեր նախատեսում էին կազմակերպել դեռ մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո։
«Վրանը հանելու ժամանակ մենք հայտարարեցինք, որ, եթե կառավարությունը չկատարի իր խոստումները, մենք պատրաստ ենք ավելի կոշտ պայքարի։ Եթե անկեղծ, մարտի 29-ի հանրահավաքի ժամանակ արդեն պարզ դարձավ, որ մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պայքարի»,- ասում է Ապրես Մարգարյանն ու ավելացնում, որ հետագա քայլերին այն ժամանակ պատրաստ չէր ո՛չ Խորհուրդը, ո՛չ 10-15 հազար քաղաքացիները։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակից խորհրդի վրանը հանվեց այն պայմանով, որ կառավարությունը շարունակելու է աջակցության տրամադրումը դեռ 2 ամիս, սակայն երկրորդ ամսվա խոստացված գումարը դեռ չկա մինչ օրս։ Սոցիալական ծրագրով տրվող գումարի բացակայությունը խնդիրների առաջ է կանգնեցրել հազարավոր տեղահանվածների։ Այս իրավիճակը կարող էր ստեղծվել 2 ամիս առաջ։
«Վրանային պայքարի» ժամանակ, այդպես կոչենք, մի ամսվա ընթացքում հայտարարեցինք համահայկական օրակարգի ստեղծման մասին, եւ երբ քաղաքական տարբեր ուժեր սկսեցին վրան այցելել, կառավարության ներկայացուցիչներն այդ ժամանակ համաձայնեցին 2 ամսով երկարաձգել սոցիալական ծրագիրը»,- հիշում է Ապրես Մարգարյանն ու նշում, որ օրակարգից հանվեցին քաղաքական բոլոր կետերը եւ 12 կետից բաղկացած պահանջագրում մնացին միայն սոցիալական խնդիրները։
Վերջին շրջանում Խորհուրդը մարզային հանդիպումներ է իրականացնում արցախցիների հետ եւ նաեւ նրանց հետ քննարկում առաջիկա անելիքները։
«Հասարակությունը շատ ճիշտ բնորոշում է տվել առաջարկվող ծրագրին՝ «արտագաղթի ծրագիր», եթե չշարունակվի սոցվճարների տրամադրումը, մարդիկ ստիված են լինելու կամ արտագաղթել, կամ մնալ դրսերում»,- ասում է Մարգարյանը։
Խորհուրդը շեշտում է՝ եթե իշխանությունները չկատարեն իրենց խոստումները, առաջիկա բողոքի ակցիաները կստանան առավել կտրուկ բնույթ։ Տեղահանված քաղաքացիների հիմնական պահանջը մնում է սոցիալական նվազագույն երաշխիքների պահպանումը՝ հայրենիքը կորցրած ընտանիքների համար։
Մարիամ Սարգսյան