ՀԱԵ Արցախի թեմը, ԳԱԱ Պատմության ինստիտուտը եւ Արարատյան արժեքների կրթական հիմնադրամն այսօր կազմակերպել են «Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն» խորագրով գիտաժողով։
Այն նվիրված է Գարդմանի, Հյուսիսային Արցախի շրջանում հայերի իրավունքների, ունեցվածքի յուրացման և պատմամշակութային ժառանգության ոչնչացման խնդիրներին։
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանն իր ելույթում ասաց, որ Գարդմանը Մեծ Հայքի Ուտիք նահանգի 8 գավառներից մեկն է։ Այն հազարամյակներ շարունակ եղել է հայերի բնօրրանը եւ մեր մեծ հայրենիքի անբաժան մասը։ Այդ մասին են վկայում նրա վանական համալիրները, մատուռներ ու ամրոցները, ժողովրդական բանահյուսությունն ու ավանդույթները։
«Այսօր, երբ դարերի հեռավորությունից քննախույզ հայացքով նայում ենք աստիճանաբար փոքրացող մեր հայրենիքի պատմությանը, հասկանում ենք որոշ ակնհայտ իրողություններ։ Այո, մենք իրապես հին ազգ ենք՝ մշակութաստեղծ, կառուցող, արարող, սակայն ունենք մի շատ խոցելի կողմ՝ չունենք հեռատես ու ապագային ուղղված ռազմավարական մտածելակերպ, որը պետք է ապահովի մեր հայրենիքի պահպանությունը։ Սրան հակառակ, մեր շուրջը հայտնված քոչվոր ցեղերը իրենց նպատակային ու հեռուն գնացող ծրագրերի միջոցով աստիճանաբար կարողացան տիրանալ մեր պապենական հողերին»,-ասաց նա։
Վրթանես սրբազանի խոսքով՝ Արցախյան գոյապայքարը կասեցրել էր կորուստների շղթան, բայց, ցավոք սրտի, չկարողացանք պահպանել այն, ինչ ձեռք էինք բերել։ Նորից տվեցինք վայելքներին, մեր եսակենտրոն ապրելակերպին եւ կորցրեցինք արդեն Արցախը։ Այսօր նույնը շարունակվում է։
Նա նշեց, որ պետք է մշակել ռազմավարություն՝ կասեցնելու կորուստների շղթան։