Սեւրի պայմանագիրը դե յուրե իրավական ուժ ունի, եւ մենք պետք է որպես իրավական հիմք՝ հիմնվենք այդ պայմանագրի վրա։ Այս մասին այսօր «Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց տնտեսագետ Մարգարիտա Միրզոյանը։
Նա նշեց, որ բնիկ ժողովուրդների իրավունքները տարբերվում են սովորական ժողովուրդների իրավունքներից։ Հայերի իրավունքները խախտվել են, եւ առ այսօր Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում ու չի հատուցում Հայոց ցեղասպանության համար, այլ ցանկացած հարթակ ու գործիքակազմ՝ օրինական եւ անօրինական, օգտագործում է այդ իրողության դեմ պայքարելու համար։
Թուրքիայի գործունեությունը դրանով չի սահմանափակվում, այլ նաեւ տարածվում է Ադրբեջանի կողմից 1988 թվականից սկսված հայերի հանդեպ իրականացվող ցեղասպանության, էթնիկ զտումների եւ այլ հանցագործությունների վրա։
«Այն տարածքները, որտեղ այսօր անօրինական ձեւով գտնվում են Թուրքիան ու Ադրբեջանը, իրենց կողմից բռնազավթվել են բնիկ ժողովուրդներին՝ մեծամասամբ հայերին ցեղասպանելու, էթնիկ զտումների ենթարկելու հետեւանքով։ Նման հանցավոր ճանապարհով այդ տարածքների վրա իշխանություն հաստատելը դատապարտելի է։ Եվ մեր պարտականությունն է հասնել դրա դատապարտմանը։
Բացի տարածքներից, Թուրքիան եւ իր շարունակություն հանդիսացող Ադրբեջանը հայերին զրկել են եւ նյութական, եւ ոչ նյութական ժառանգությունից, որը նույնպես պետք է առաջ քաշել եւ պահանջատեր լինել»,- ասաց նա։
Մարգարիտա Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանն այսօր իր տնտեսական կարողություններն ապահովում է նավթով, իսկ նավթարդյունաբերության հիմքում եղել են հայերը։ Դա եղել է 1800-ականներին, երբ Ադրբեջանը որպես պետություն առհասարակ գոյություն էլ չի ունեցել։
«Կարեւոր եմ համարում նշել, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, ի հայտ է եկել 1917 թվականին, իսկ ադրբեջանցիներին որպես ազգ սկսել են համարել 1936 թվականին։ Հիմա իրենք շատ խոսում են իրենց վերադարձի իրավունքի եւ այլնի մասին, իրենք բնիկ ժողովուրդ չեն հանդիսանում առհասարակ՝ ոչ Հայաստանում, ոչ ուրիշ տեղ, որովհետեւ որպես ազգ գոյություն չեն ունեցել»,- նշեց նա։
Միրզոյանը հավելեց, որ մեր պահանջատիրությունը պետք է լինի եւ այդ պահանջատիրությունը պետք է իրացվի միջազգային իրավունքի բոլոր կանոներին համապատասխան։
«Մենք գիտենք, որ ցեղասպանությունից հետո կնքնվել է Սեւրի պայմանագիրը։ Թեպետ հիմա Սեւրի պայմանագիրը փաստացի չի գործում Հայաստանի եւ Քուրդստանի համար, սակայն այն դե յուրե իրավական ուժ ունի, եւ մենք պետք է որպես իրավական հիմք՝ հիմնվենք հենց Սեւրի պայմանագրով սահմանված տարածքների վրա։
Վերադարձը պետք է սկսել նախ եւ առաջ արցախահայության վերադարձից։ Արցախահայությունը՝ սկսած 1988 թվականից, իրացրել է ազգերի ինքնորոշման իր միջազգային իրավունքը։ Լինելով բնիկ ժողովուրդ՝ ինքը եւս մեկ անգամ հաստատել է Ադրբեջանի կազմից դուրս ապրելու հստակ նպատակն ու որոշումը։ Եվ վերադարձի իրավունքը պետք է իրացնել ամբողջ հայկական պահանջատիրության համատեքստում, նաեւ գարդմանահայության վերադարձի իրավունքը պետք է իրացվի»,- ասաց նա։