Step1.am-ի զրուցակիցն է արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
-Դուք օրերս նամակ-պահանջագիր ներկայացրեցիք կառավարությանը, պատասխան ստացե՞լ եք։
-Ես հետեւեցի եւ տեսա, որ նամակն ընթացքի մեջ է, կարծում եմ՝ դեռ վաղ է պատասխան ակնկալելը։
–Կառավարությունը երկու ամսով երկարաձգել էր արցախցիների 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը։ Տեսանք, որ մայիս ամսվա համար վճարումներն ուշացան, ինչը լուրջ անհանգստություն էր առաջացրել արցախցիների շրջանում, քանի որ մարդիկ նշում են, որ դա իրենց բնակվարձի գումարն է։ Իսկ այս ամսվանից արդեն այդ աջակցությունը մեծամասնության համար չի լինի, ի՞նչ վիճակում են հայտնվելու մարդիկ։
-Իրավիճակային այն կետին ենք եկել հասել, որի մասին խոսում էինք դեռեւս ամիսներ առաջ եւ բարձրաձայնում էինք, որ մարդիկ լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ են կանգնելու, եթե սոցիալական աջակցությունը շատերի համար դադարեցվի, այսինքն՝ դառնա թիրախային եւ ուղղվի միայն սոցիալական առանձին խմբերին։ Իրականում հենց մայիս ամսվա վճարման ուշացումը ցույց տվեց, որ մարդիկ բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Կան մարդիկ, ովքեր պարտքով գումար են վերցրել, նույնիսկ խոսում էին վարկեր ձեւակերպելու մասին։ Սա այն պայմաններում, երբ մարդը դեռ ուներ հույս, որ այդ բնակվարձը ստանալու էր եւ վճարելու էր։ Բայց հիմա մի իրավիճակ է, երբ արդեն այդ հույսն էլ չկա։ Այնպես չէ, որ մարդիկ չեն աշխատում, տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների ժամանակ ես տեղեկանում եմ, որ աշխատում են, բայց այնպես էլ չէ, որ այդ աշխատանքը բավարար է, որպեսզի իրենք կարողանան եւ բնակվարձը տալ, եւ իրենց առօրյա սոցիալ-կենցաղային հարցերը լուծել։
–Կառավարության անդամներն ի պատասխան ասում են, որ մարդիկ չպետք է սովորեն աջակցությանը, պետք է օգտվեն ավելի երկարաժամկետ ծրագրերից՝ նկատի ունենալով բնակապահովման ծրագիրը։ Դուք տեւական ժամանակ է՝ բարձրաձայնել եք բնակապահովման ծրագրում առկա խնդիրների մասին, այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ մեծ թվով մարդիկ չեն կարողանո՞ւմ օգտվել այդ ծրագրից։
-Կարելի է ասել, որ փակուղային վիճակ է ստեղծվել, այսինքն՝ բնակվարձը չեն տալիս, որպեսզի մարդիկ իրենց այսպես ասած «շռայլություն» թույլ չտան եւ անընդհատ չսպասեն աջակցությունների։ Այնինչ, այդ աջակցությունը շռայլություն չէ, մեծամասնության դեպքում այդ գումարներն ուղղվում են բնակվարձի վճարմանը։ Եվ փակուղու մյուս կողմում բնակարանային ապահովման ծրագիրն է՝ որպես երկարաժամկետ լուծում, որը, թեպետ արդեն մեկ տարի անցել է, բայց բազմաթիվ խնդիրներ ու խոչընդոտներ ունի։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր արդեն դիմել են ծրագրին, ունեն սերտիֆիկատ, իրացման փուլում ունեն խնդիրներ։
Բնակապահովման ծրագրի հետ կապված մենք ունենք առաջարկությունների նախագիծ, որն անցել է հանրային քննարկման փուլը, բայց առ այսօր այդ նախագիծը կառավարության նիստի օրակարգ չի ներառվում։ Չգիտենք՝ ինչով է դա պայմանավորված։ Այսինքն՝ մարտ ամսին հարցը դրվել է հանրային քննարկման եւ ապրիլից արդեն պետք է կառավարության նիստի օրակարգում լիներ, բայց առ այսօր այդ նախագիծը չի քննարկվում։ Դա վերաբերում է արդեն իսկ ստացված սերտիֆիկատների իրացմանը։ Մյուս խնդիրն այն է, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ այս կամ այն համայնքում բազային գումարի փոփոխություն է սպասվում, լինելու է 1 մլն-ով ավելի, մարդիկ սպասում են, որ այդ որոշումը պետք է ընդունվի։ Եվ այս տեղեկատվությունը մարդկանց կանգնեցնում է երկընտրանքի առաջ, այսինքն՝ եթե մարդը հիմա փորձի իրացնել իր հավաստագիրը, ավելի փոքր գումար է ստանալու։
-Խոստումներ կան, որ երեւանամերձ մի շարք համայնքներում եւս բազային գումարը մեկ անձի համար կազմելու է 4 մլն դրամ, մարդիկ այդ փոփոխությանն էլ են սպասո՞ւմ։
-Ես չգիտեմ՝ ինչքանով է դա խոստում, որովհետեւ այդ քննարկումներին ներկա չեմ եղել։ Բայց հրապարակային հայտարարություններ են եղել, որ կան բնակավայրեր, որոնց ելակետային գումարները փոխվելու են, բայց առ այսօր հայտնի չէ՝ երբ է դա լինելու։ Ես ասում եմ՝ դեռեւս հանրային քննարկման դրած նախագիծը չի հաստատվում։ Եվ ստացվում է, որ մարդիկ դեռ սպասում են՝ տեսնելու, թե հաջորդիվ ինչ փոփոխություն է լինելու։ Եթե պիտի արվեն փոփոխություններ, միանգամից արեք այդ փոփոխությունները, մարդիկ անորոշության մեջ են հայտնվել, մանավանդ, որ գործող կարգավորումներով, եթե տվյալ տարածքի համար գումարային փոփոխություն է լինում, հետադարձության ուժ չունի։ Դա էլ է մարդկանց հետ պահում, եւ չեն դիմում ծրագրին։
Այսինքն՝ մարդիկ կոնկրետ փակուղու մեջ են հայտնվել․ այն մարդիկ, ովքեր ուզում են օգտվել ծրագրից, նույնիսկ արդեն դիմել են ու ունեն սերտիֆիկատ, չեն գնում բանկ, որպեսզի այդ սերտիֆիկատի համար գործարք կատարեն, քանի որ ակնկալում են, որ գուցե ավելի լավ առաջարկ ու փոփոխություն է լինելու։ Այս՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում կարելի էր մեկ որոշմամբ ամբողջացնել ու ընդունել այն բոլոր առաջարկները, որոնք իրենց համար ընդունելի էին։ Այսքան ձգձգելու իմաստը ես չեմ հասկանում, այն դեպքում, երբ իրենք աջակցության ծրագրերի կրճատման այլընտրանք են համարում այս ծրագիրը եւ ասում՝ գնացեք օգտվեք բնակապահովման ծրագրից։
-Աջակցության ծրագրերի կրճատման հետեւանքով արցախցիների շրջանում արտագաղթը կաճի՞, ի՞նչ են ցույց տալիս ձեր դիտարկումները։
-Տրամադրությունները տարբեր են, բնականաբար, կան ընտանիքներ, որոնք որպես վերջին տարբերակ գուցե իրենց համար նախանշում են արտագաղթը։ Բայց այնուամենայնիվ մարդիկ դեռեւս հույս ունեն, որ կառավարությունը պետք է վերանայի այս ծրագրերը։ Այսքան առաջարկներից ու բողոքներից հետո մի՞թե հնարավոր չէ վերադառնալ բնակվարձի աջակցության ծրագրին, նորից ուսումնասիրել։ Իրենք անընդհատ խոսում են, որ ծրագիրը պետք է լինի կարիքահեն։ Իհարկե, ես ինքս կողմ եմ դրան, որ ծրագիրը լինի կարիքահեն։ Բայց հիմա, եթե անգամ ընտանիքն ունի զբաղվածություն, էլի հայտնվելու է սոցիալական ծանր դրության մեջ։ Հիմա ի՞նչ անենք այդ մարդկանց հետ։
-Դուք միտում տեսնո՞ւմ եք, որ կառավարությունը սոցիալական հարցերը սրելով՝ փորձում է արցախցիներին կախման մեջ պահել ու շեղել այլ հարցերից։
-Ես չգիտեմ՝ ինչքանով է դա միտումնավոր, բայց եթե այս գործող ծրագրերը դադարեցվում են, ուղղվում են միայն խոցելի խմբերին, բնականաբար, դժգոհությունները մեծանալու են։ Եվ մարդիկ բողոքում են ոչ թե բողոքելու համար, այլ բողոքում են կարիքից դրդված։
-Արցախցիները պատրաստվում են հանրահավաք անցկացնել։ Դուք հարցում էիք անցկացրել արցախցիների շրջանում, թե հանրահավաքների միջոցով հնարավո՞ր է լուծել առկա խնդիրները։ Ի՞նչ տրամադրություններ ունեն մարդիկ, հանրահավաքները դիտարկո՞ւմ են ճանապարհ՝ իրենց խնդիրների լուծման համար։
-Ես հարցում եմ անցկացրել մի քանի օր առաջ, եւ հարցման մասնակցիների գերակշիռ մասը նշել է, որ միայն հանրահավաքով հարցը չի լուծվում։
-Իսկ ի՞նչ են առաջարկում մարդիկ։
-Այս փուլում շատ քիչ առաջարկներ են եղել, ուղղակի մարդիկ ասում են, որ մեր սոցիալական խնդիրները միայն այդ տարբերակով չպետք է բարձրաձայնենք։ Բնականաբար, դա ենթադրում է հիմնավորված առաջարկների ներկայացում, ինչը զուգահեռաբար արվել է։ Այն բաց նամակը, որը ներկայացվել է կառավարությանը, հենց այդ քայլերից մեկն է։ Մենք փորձել ենք ամենապարզ մեթոդով զուտ ներկայացնել, որ տեղահանվածների գերակշիռ մասի սոցիալ-տնտեսական վիճակն առաջիկայում վատթարանալու է։ Եվ ներկայացրել ենք նաեւ առաջարկներ, թե ինչ կարելի է անել, որպեսզի մարդիկ այդ իրավիճակում չհայտնվեն։ Այսինքն՝ այն, որ բացի հանրահավաքից, այլ մեթոդներ էլ պետք է օգտագործենք, մենք այդ մեթոդներից մեկն օգտագործել ենք։ Եվ հիմա սպասում ենք կառավարության պատասխանին, որից հետո մեր հրապարակային քայլերի մասին կտեղեկացնեմ։ Ես այդ բաց նամակի ու իրավիճակի մասին նաեւ տեղեկացրել եմ դեսպանատներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցներին։ Ակնկալում եմ, որ պատասխաններ կունենանք եւ միջազգային հանրության արձագանքը եւս կտեսնենք։
Ռոզա Հովհաննիսյան