ВВС
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելի դատական համակարգին «ներում շնորհել» կոռուպցիայի համար դատվող Բենիամին Նեթանյահուին կամ ընդհանրապես դադարեցնել գործը։
Իր «Truth Social» հարթակում գրառման մեջ նա գրել է, որ ԱՄՆ-ն փրկեց Իսրայելը՝ ակնարկելով Իսրայելի և Իրանի միջև պատերազմին միջամտությանը, և այժմ «կփրկի» նաև Նեթանյահուին։
Գրառումը հայտնվել է այն ժամանակ, երբ Թրամփը հայտարարել է, թե իմացել է, որ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը կրկին պետք է ներկայանա դատարան։
Իսրայելի վարչապետն արդեն մի քանի անգամ ներկայացել է դատարան՝ կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման գործով իր դատավարության շրջանակներում, որը սկսվել է 2020 թվականին։
Նրա դատավարությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Նեթանյահուն շարունակում է պաշտոնավարել։ Վարչապետը հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները։
Truth Social-ում գրառման մեջ Թրամփը իր վաղեմի դաշնակցին անվանել է «զինվոր և մեծ հերոս, որը շատ բան է արել» Իսրայելի համար։
Նա ասել է, որ Նեթանյահուի դատավարությունը պետք է «անհապաղ կարճվի», կամ նրան ներում շնորհվի։
Թրամփը Նեթանյահուի դեմ գործը անվանել է «վհուկների որս», ինչպես նա բազմիցս անվանել է անձամբ իր դեմ հետաքննությունները։
«Արդարադատության այս ծաղրերգությունը չի կարելի թույլ տալ», – գրել է ԱՄՆ նախագահը։
Սոցիալական ցանցերում պատասխան գրառման մեջ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին անձամբ իրեն և ամբողջ Իսրայելին «հուզիչ աջակցության» համար։
Նեթանյահուի քննադատները նշում են, որ նա միտումնավոր երկարաձգում է ռազմական հակամարտությունները բոլոր ճակատներում՝ դատավարությունն ավելի հետաձգելու համար՝ հույս ունենալով, որ իր դեմ գործը այս կամ այն կերպ կկարճվի։