Օրենքը Նիկոլ Փաշինյանի ձեռքում` որպես «պարապ վախտի խաղալիք»

  • 23:02 27.06.2025

Հայաստանի ներկա քաղաքական իրականությունը, որը Նիկոլ Փաշինյանը սիրում է բնութագրել որպես «ժողովրդավարության բաստիոն», իրականում ոչ այլ ինչ է, քան իշխանության կենտրոնացման, այլակարծության ճնշման, պոպուլիզմի և անձնապաշտական կառավարման գռեհիկ դրսևորում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրավունքի գերակայության գաղափարը ոչ միայն խեղաթյուրել է տարատեսակ պոպուլիստական մեկնաբանություններով, այլև վերածվել է այն բութ գործիքի՝ ուղղված իր իրական և իր կողմից ենթադրյալ քաղաքական օպոնենտների ու հոգևոր դասի դեմ։

Շոու-արդարադատություն

Փաշինյանի իշխանությունը ստեղծել է յուրօրինակ շոու-արդարադատության մոդել, որի էությունն այն է, որ հասարակությանը պարբերաբար ներկայացվեն «սենսացիոն բացահայտումներ» պետական հեղաշրջումների, ահաբեկչության կամ իշխանության բռնազավթման փորձերի վերաբերյալ։ Սակայն այդ «բացահայտումները» շատ հաճախ հանգում են իրավական կեղծիքների, ապացույցների պակասի ու հասարակական մանիպուլյացիայի։

Այս շատ հաճախ շինծու գործերով հիմնականում հետապնդվում են ընդդիմադիր գործիչներ, իշխանության լոյալությունը հարցականի տակ դնող գործարարներ, ինչպես Սամվել Կարապետյանը, կամ հոգևոր առաջնորդներ, ինչպես Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Եվ այս տեսակ քաղաքական պատվերով գործերը, ինչպես տեսնում ենք, նաև բարձր մակարդակով խրախուսվում են, ինչպես, օրինակ, «հեղաշրջման փորձի վնասազերծման» գործը, որը դեռ չբացահայտված, վարչապետն արդեն առաջարկում է պետական պարգևներով խրախուսել գործը «բացահայտած» իրավապահներին: Եվ որպեսզի ավելի տեսանելի լինի այս խայտառակ շոուի ողջ սպեկտրը, հիշեցնենք, որ իրավապահները առանց ձեռնոցների էին աշխատում «դեպքի վայրում»՝ իրեղեն ապացույց համարվող առարկաներին դիպչելով, դրանք ձեռքի վատ որակի հեռախոսով նկարելով ու հրապարակելով:

Իհարկե, մեկ այլ ծաղրի առարկա են հենց «իրեղեն ապացույցները», որոնք հիմնականում, մեղմ ասած, չէին կարող օգնել բռնի հեղաշրջում իրականացնելուն, ինչպես, օրինակ, «գենդեր փարթիների» ժամանակ օգտագործվող վարդագույն և կապույտ ծխարձակները:

Այս ամենի նպատակը մեկն է՝ հասարակությանը մոբիլիզացնել վախի շուրջ՝ առաջարկելով մշտական «թշնամու» կերպար։ Այդ թշնամին կարող է լինել և՛ նախկին իշխանությունը, և՛ եկեղեցին, և՛ նույնիսկ Արցախի հրացը հիշեցնող ցանկացած լեգիտիմ կերպար։ Օրենքը և պետական մարմինները ծառայեցվում են հիմնականում այս նպատակի համար, կարծես դրանք ոչ թե հանրային կյանքը կազմակերպող ինստիտուտներ են՝ իրենց բազմաթիվ ֆունկցիաներով ու մարտահրավերներով, այլ իշխող վերնախավի «կապրիզների» կամակատար։

Սա, իհարկե, չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նախորդողները ավելի ժողովրդավար էին, սակայն այն հանրային բարոյազրկման տեսարանները, որ այսօր թելադրում է ՔՊ-ն, երբեք այսքան «թրենդային» չէր եղել:

Ազգային ինքնության ապամոնտաժման փորձ

Հայ Առաքելական եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայկական ինքնության առանցքային հիմքերից մեկը, դարձել է Փաշինյանի ռեժիմի թիրախներից մեկը։ Հոգևոր դասի դեմ ուղղված արշավը արտահայտվում է ինչպես պետական քարոզչությամբ, այնպես էլ իրավական և բարոյահոգեբանական ճնշումներով։

Փաշինյանը ձգտում է փոխարինել Հայ Առաքելական եկեղեցին՝ հնազանդ և կառավարելի կրոնական ինստիտուտով։ Սա ոչ միայն հակասում է Սահմանադրությամբ ամրագրված աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարանջատման սկզբունքին, այլև վտանգում է պատմականորեն ձեւավորված ազգային ինքնության հիմքերը։ Այս գործընթացում տեղ է գտել նաև արժեքների փոխատեղում. ժողովրդավարության և աշխարհիկության անունից մերժվում է այն ամենը, ինչ կրում է ազգային և հոգևոր բնույթ։

Ըստ այդմ՝ հոգևորականության դեմ հարձակումներն իրականում պատժիչ գործողություններ են՝ ուղղված եկեղեցու հեղինակության չեզոքացմանը, քանի որ վարչապետի էգոցենտրիզմը անհամատեղելի է եկեղեցու բարձր վարկանիշի հետ. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում պատրաստ է հանդուրժել բացառապես մեկ հեղինակության գոյություն, և դա հենց ինքն է ու իր քաղաքական ուժը, որը լծված է գիշեր-ցերեկ վարչապետի, մեղմ ասած, անբռնազբոս տեքստերն արդարացնելով՝ ԱԺ ելույթների, ստատուսների և, ինչու չէ, Աննա Հակոբյանի նախաձեռնած «կրթարշավի» շրջանակներում:

Խաղաղության օրակարգի ֆիկցիան և «քաղհասարակությունը»

Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը նույնպես գործում է ներքաղաքական ճնշումների տրամաբանության մեջ։ Իր դժգոհությունն ընդդիմադիրների, մտավորականների կամ եկեղեցու նկատմամբ նա արդարացնում է՝ իբր «խաղաղության օրակարգին խոչընդոտելու» մեղադրանքով։ Փաշինյանը նաև օգտագործում է թշնամու երկակի պատկերը։ Ռուսական ազդեցությունը ներկայացվում է որպես գլխավոր սպառնալիք, մինչդեռ թուրքական ազդեցությունը ներկայացվում է որպես «խաղաղության նոր հնարավորության պատուհան»։

Այս բոլոր գործընթացները միանշանակ վկայում են՝ Հայաստանի գլխին կախված սպառնալիքները ոչ միայն հարևան ագրեսոր պետության կողմից են, այլ երկրի ներսում կայացած միահեծան, ռեպրեսիվ ռեժիմը։ Հանրության մի մասի լռությունն ու մյուս մասի լոյալությունը միայն խրախուսում է Փաշինյանի բռնապետական վարքագծի խորացումը։ Իրենց եվրոպական արժեքների կրող ներկայացնող իրավապաշտպանների ու առաջադեմ համարող շրջանակների մի մեծ մասը, որոնք ամեն կերպ փորձում են եկեղեցու, ազգային մշակույթի և/կամ ընդդիմադիրների նկատմամբ տարվող ռեպրեսիվ քաղաքականությունը արդարացնել կամ ավելի ճկունների պարագայում՝ չտեսնելու տալ, իրականում մեղանչում են իրենց իսկ կողմից դավանվող հումանիստական արժեքները և փաստացի միայն ՔՊ-ի ջրաղացին են ջուր լցնում՝ դառնալով բռնապետ-պոպուլիստի օրակարգի սպասարկուներ:

Տաթևիկ Խաչատրյան