Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում սկսել է հրապարակել նյութերի շարք: Դրանց մեջ կներկայացվեն տարբեր շահառուների կյանքի պատմություններ, որոնցով կենրոնը սիրով կկիսվի նաև Step1.am ի հետ:
Առաջին պատմությունը Խաչատրյան եղբայրների մասին է․ 2023 թվականի սեպտեմբերին Հայկազովի բենզինի պահեստի պայթյունի ժամանակ դեպքի վայրում էին նաև Վիտալին և Եգորը։ Նրանք երկուսն էլ տուժեցին, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ։
Սակայն ամենացավալի օրն անգամ չի կարող խամրեցնել կյանքի հանդեպ նրանց սերը։
Վիրավորումները պահանջեցին երկարատև բուժում ու հոգատար մոտեցում։ 2023 թվականից մինչ այսօր Վիտալին և Եգորը վերականգնողական բուժում են ստանում։
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մասնագետների հետևողական և մասնագիտական աշխատանքի շնորհիվ եղբայրներն արդեն դրական արդյունքներ ունեն։ Նրանք ինքնուրույն են հաղթահարում առօրյա խնդիրները, ինտեգրված են համայնքում, ու ամենակարևորը՝ վերադարձրել են իրենց մանկության ժպիտը։
Այս պատմությունը կյանքի հաղթանակի մասին է։ Վիտալին ու Եգորը ապացուցում են, որ նույնիսկ ամենամութ օրերից հետո հնարավոր է քայլել դեպի լույսը՝ սիրով, համառությամբ ու աջակցությամբ։
Պայթունից տուժած հայրենակիցների բուժման հետ միաժամանակ անհրաժեշտ է լուծել նաև նրանց սոցիալական խնդիրները: Step1.am-ի կողմից իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ պայթունից տուժածներից շատերը չունեն մշտական հաշմանդամության կարգ: Որոշները դեռևս լիովին չեն ապաքինվել և հնարավորություն չունեն աշխատելու, իսկ ովքեր ի վիճակի են, հիմնականում չունեն մշտական աշխատանք:
Այս պայմաններում արցախցիներին տրամադրվող ամենամսյա աջակցության դադարեցման պարագայում նրանք և նրանց ընտանիքները, ինչպես և արցախցիների ճնշող մեծամասնությունը, կմնան դրսում:
Արսեն Աղաջանյան