Փաշինյանի քֆուր-պաուզան կապված է ԵՄ հանձնակատարի այցի հե՞տ

  • 20:09 28.06.2025

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է ուղղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասին՝ վերջինիս Հայաստան այցի նախօրեին:

Հիշեցնենք, որ այցը կկայանա վաղը, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է քֆուր-պաուզա վերցնել հենց այդ օրերին։ Թեկուզ եվրոպական կառույցները չեն դատապարտել նրա գործողությունները Հայ եկեղեցու և Սամվել Կարապետյանի նկատմամբ, ակնարկելով, որ այդկերպ Հայաստանը “պոկվում է Ռուսաստանից”, բայց Կալասի ներկայությամբ մեղադրել հոգևորականներին “կնոջ կամ տղամարդու” հետ լինելու մեջ մի քիչ ժողովրդավարական չէ։

«ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Եվրոպայի տարածքում գործող մեր 14 մասնաճյուղերի անունից Ձեզ ենք դիմում խոր մտահոգությամբ՝ Հայաստանի Հանրապետություն Ձեր առաջիկա պաշտոնական այցի համատեքստում։

Ձեր այցը տեղի է ունենում հայ ժողովրդի և նրա ժողովրդավարական ապագայի համար վճռորոշ ժամանակահատվածում։ Ինչպես, տեղյակ եք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները, որի կենտրոնը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արագորեն վերածվում են ոչ միայն ներքին ինստիտուցիոնալ ճգնաժամի, այլև՝ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության և սահմանադրական հավասարակշռության ավելի լայն խնդրի։

․․․Բարդ ու մտահոգիչ է նաև կառավարության այն միտումը, որով երկրի ներսում ցանկացած ընդդիմախոսության պիտակվում է որպես «պրոռուսական»՝ անկախ անձի իրական դիրքորոշումից։ Վարչապետ Փաշինյանի այս գործելաոճը, որը ներկայացվում է իբրև հակառուսական քաղաքականություն, իրականում խիստ մոլորեցնող է։ Այն խաթարում է քաղաքական բազմազանությունը, խեղդում խոսքի ազատությունը և ճնշում է Հայաստանում ժողովրդավարական դաշտը, որն արդեն իսկ բավական խոցելի է։

ԵՄ-ի հեղինակությունը որպես ժողովրդավարական գործընկեր դրվում է կշեռքի վրա։ Եթե Հայաստանը ձգտում է կառուցել կայուն, համապարփակ և ժողովրդավարական ապագա՝ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության տեսլականի համաձայն, ապա անհրաժեշտ է պաշտպանել, ոչ թե հանուն ժամանակավոր քաղաքական նպատակների զոհաբերել քաղաքական բազմակարծությունը, խոսքի ազատությունն ու ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։

Ուստի՝ խնդրում ենք Ձեզ այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել ինչպես Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների, այնպես էլ քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչների հետ։ Այդ քայլը կլինի հզոր ազդակ, որ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել մեկ ձայնով, որ Եվրոպական Միությունը կանգնած է ժողովրդավարական արժեքների պաշտպանության կողքին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, և որ իրավապահ մարմինները պետք է ծառայեն ու պաշտպանեն քաղաքացիներին, այլ ոչ թե սպասարկեն մեկ անհատի կամքը՝ նույնիսկ եթե նա երկրի վարչապետն է։ Իրավունքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները պետք է միշտ հաղթանակեն»,– ասվում է նամակում։