ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է իր՝ Թուրքիա այցի վերաբերյալ մեկնաբանություններին։
«Լուրջ դեմքով մի խումբ ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ» Թուրքիա կատարած իմ աշխատանքային այցից ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպումից հերթական գիտաֆանտաստիկ եզրակացությունն են արել, թե իբր ՀԷՑ-ը վաճառվելու կամ տրվելու է թուրքական ընկերության:
ՀԷՑ-ը պետականացվելու է, սիրելի «փորձագետ-փորձանքներ», դառնալու է Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու` ինչպես նախորդ բոլոր դեպքերում: Հանգիստ նստե´ք տեղներդ ու շարունակե´ք զգալ պետության համը ձեր բերանում»,- գրել է նա:
ՀԷՑ-ի հետագա ճակատագիրը պարզ կլինի մոտակա ժամանակներս, ինչպես նաև Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներն, այդ թվում՝ ճանապարհների առումով։ Հասարակությունը իրավասու է ենթադրել ցանկացած բան, առավել ևս, որ ՀՀ Կառավարությունը երբեմն չի թաքցնում, որ Թուրքիայի հետ համագործակցությունը ընկալում է որպես լավագույն ճանապարհ դեպի բարգավաճում և խաղաղություն։
Մինչ դեռ հունիսի 28-ին Ստամբուլում «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։