Օգտվելով ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից, դարձել եմ շահառու, սակայն կանգնել դժվարության առաջ

  • 11:55 29.06.2025

Արցախի տեղահանությունից հետո Արմինե Պետրոսյանը երեք երեխաների ու հարազատների հետ բնակություն է հաստատել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում, ապա տեղափոխվել Էջմիածին քաղաք։ Որպես հոգեբան՝ աշխատանքի է անցել Ոսկեհատի միջնակարգ դպրոցում այդտեղ են սովորում նաև նրա ավագ դստրերը, իսկ փոքրիկը հաճախում է գյուղի մանկապարտեզը։ Նրա ամուսինը՝ Արսենը, 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունի զոհ է դարձել։

Արմինեն, օգտվելով ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից, դարձել է շահառու, սակայն կանգնել դժվարության առաջ

-Արցախցիներս այսօր սոցիալական տարբեր խնդիրների առաջ ենք կանգնել, սակայն ամենակարևորը սեփական տանիք ունենալն է։ Արդեն պարզ է, որ 2025-ի վերջին արցախահայությանը տրվող միակ աջակցությունը կդադարի գործել, իսկ առանց  բնակվարձերի աջակցության դժվար կլինի տան վարձավճարի ու կոմունալ վճարների հարցերը լուծել։ ՀՀ քաղաքացիություն ենք ընդունել, որպեսզի կարողանանք օգտվել բնակապահովման ծրագրից։ Մտադիր եմ տուն ձեռք բերել Էջմիածնում, որովհետև այստեղ որոշ չափով կարողացել ենք հարմարվել։ Երեխաներս, թեև մեծ դժվարությամբ, համակերպվել են նոր միջավայրին, ձեռք բերել նոր ընկերներ։ Սակայն մեզ տրամադրվող գումարով, անգամ, եթե ըստ շրջանառվող լուրերի Էջմիածին քաղաքը ևս կընդգրկվի 4 մլն դրամ գումարի գոտիում, միևնույն է՝ հնարավոր չի տուն գտնել այդ գումարով։ Բնակարանների շուկայական գները սկսվում են առնվազն 20 մլն դրամից։ Հիպոթեքային վարկ վերցնել չեմ համարձակվում, որովհետև հասկանում եմ, որ իմ ստացած աշխատավարձով և երեխաների նպաստով հնարավոր չի լինի վարկ փակել ու ընտանիքի հոգսերը հոգալ։ Համապատասխան գումարով տուն գնելու փնտրտուքների մեջ եմ․ դեռևս դրական արդյունքի չեմ հասել:

Արմինեն Արցախից երեխաների հետ դուրս է եկել 2023-ի սեպտեմբերի 25-ին, հաջորդ օրը ամուսինը՝ Արսենը, պետք է միանար ընտանիքին։ Սակայն չարաբաստիկ 25-ը ճակատագրական եղավ նաև այս ընտանիքի համար։ Ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և սեպտեմբերի 19-ի պատերազմների մասնակից Արսեն Գասպարյանը մեկն էր այն հարյուրավոր զոհերից, որոնց կյանքը խլեց վառելիքի պահեստի պայթյունը։ Արսենն ու պայթյունի ժամանակ զոհված հարյուրավորները դեռևս չունեն իրավական կարգավիճակ նրանց ընտանիքները չեն ստանում պետական աջակցություն և փոխհատուցում։

Երեք դստրեր մայրը չի կարողանում համակերպվել տեղի ունեցող անարդարությունների հետ

-Սեպտեմբերի 25-ի պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է, սակայն կառավարությունը չի ցանկանում համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերել պայթյունից տուժածների ընտանիքներին: Մենք ասես անտեսված լինենք, հարմարվել ենք, որ պիտի մի կողմ քաշվենք ու ապրենք մեր ցավի հետ։ Անարդարացի եմ համարում, որ օրեր առաջ մարտական դիրքերից վերադարձած ու արհավիրքին զոհ դարձած տղաներին որևէ կարգավիճակ չի տրվում։ Եվ առհասարակ, բոլորը, ովքեր այդ օրը զոհվել են, պետք է կարգավիճակ ունենան։

Աշխատանքս օգնում է մեղմելու նյութական և հոգեբանական դժվարություններս։ Ամուսնուս և իմ հարազատները միշտ կողքիս են։ Սակայն երեխաները մեծանում են և օրեցօր ավելանում են հոգսերն ու պատասխանատվությունը։ Շատ դժվար է առանց հայր աղջիկ-երեխա դաստիարակել, բայց ինչ արած, դա է իմ ճակատագիրը։ Աղջիկներս կարոտում են և չեն հաշտվում հոր բացակայության հետ։ Արսենը շատ հոգատար հայր էր ու ամուսին։ Ինձ համար ծանր է անցյալով խոսել նրա մասին, երբեմն թվում է՝ թե ուր որ է դուռը կբացվի, ու Արսենը ժպտուն աչքերով ներս կմտնի։ Կրտսեր դուստրս՝ Լինան, ամեն օր հարցնում է՝ ե՞րբ է պապան տուն գալու, շատ եմ կարոտել:

Ամուսինս 2023-ի սեպտեմբերի 19-ին մարտական դիրքում էր․ ողջ ու առողջ տուն եկավ։ Աշխարհն իմն էր դարձել․ Աստված գթասիրտ էր գտնվել այս անգամ ևս: Ի՞նչ իմանայի, որ սարսափելին դեռ առջևում է, և երեխաներս անհայր են մնալու։ Մենք վերջին անգամ Արսենին տեսանք սեպտեմբերի 25-ի առավոտյան:

Երբեք չեմ մտածել, որ կարող եմ ապրել Արցախից դուրս․ հանգամանքներն ստիպեցին բռնել գաղթի ճանապարհը։ Այժմ էլ այն կարծիքին եմ, որ Հայաստանից այն կողմ ապրել չեմ կարող, չեմ ուզում։ Ես իմ հողում եմ՝ Մայր Հայաստանում ու կապրեմ այստեղ այնքան, մինչև մի գեղեցիկ օր կհայտարարվի հետվերադարձի երանելի լուրը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ