Արցախի մասին Արցախից հեռու գրել՝ իսկապես դժվար է. Սոնայի «Պայքարը»

  • 19:40 29.06.2025

Հունիսի 29-ին ԱՀԱԸ Երևանի գրասենյակի Հայ Ավետարանական եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել արցախցի ստեղծագործող Սոնա Ղահրամանյանի երկրորդ գրքի շնորհանդեսը, որը նա «Պայքար» է վերնագրել։

Ներկա էին նրա ուսուցիչները, ընկերները, հարազատները, Եկեղեցու ծառայողները։

Պաշտամունքի արարողությունից հետո պատվելի Գևորգ եղբայրը ներկայացրեց Սոնա Ղահրամանյանին, ով տակավին երիտասարդ տարիքում արդեն երկու գրքի հեղինակ է։ Արցախցի աղջիկը գրքերի միջոցով իր սրտի խոսքն է ասում համայն աշխարհին, ներկայացնում այն, ինչ կատարվել է Արցախում։ Գիրքը պայքարելու մասին է:

Հեղինակը հուզմունքով էր խոսում գքրի, իր ապրումների ու երազանքների մասին, ապա երախտագիտությունը հայտնում իրեն աջակցողներին, ովքեր ջանք չթափեցին, որպեսզի գրի առած իր թղթերը գիրք դառնան

-Ինձ համար մեծ պատիվ է այստեղ կանգնել և ուրախ եմ, որ հենց այստեղ է տեղի ունենում իմ գրքի շնորհանդեսը, ինչի համար շնորհակալ եմ Գևորգ եղբորը և Արկադի եղբորը։ Շնորհակալ եմ իմ գրքի խմբագիր և իմ ուսուցչուհի Սիլվա Ջհանգիրյանին, իմ առաջին ուսուցչուհի Էլմիրա Եղյանին, իմ ընկերներին ու բոլոր նրանց, ովքեր կանգնած են իմ կողքին։ Ամենից առավել երախտապարտ եմ Աստծուն, որ նա ինձ տաղանդ է շնորհել։ Արցախի մասին Արցախից հեռու գրել՝ իսկապես դժվար է։

Իմ գրքի ամեն մի տողը կարոտի արտահայտման յուրօրինակ մի ձև է։ Միևնույն ժամանակ այն կյանքի, պայքարի, սիրելու, սիրվելու, ներելու, երախտապարտ լինելու և վերջապես ապրելու մասին է։ Կարծում եմ՝ իմ հերոսներից շատ բան կա սովորելու․ նրանք պարզապես հերոսներ չեն։ Նրանք մահվան աչքերին նայած, մարդկային դաժանությունից ու անարդարությունից հոգնած անհատների մարմնացում են։ Նրանք ապրել ցանկացող հոգիներ են, ովքեր ապացուցում են, որ աշխարհում ապրելուց քաղցր բան չկա, ու ամենախավար պահերին մարդ կարող է գոյատևելու ելքեր գտնել, եթե չմոռանա լույսի գոյության մասին, Աստծո մասին։

Ես իմ հերոսների միջոցով պարզապես ցանկանում էի ասել, որ պետք է շարունակել պայքարել ու երբեք չհանձնվել կես ճանապարհից։ Այսօր, ես այստեղ կանգնած, զգում եմ, որ հաղթել եմ։ Զգում եմ, որ իմ վիրավոր սիրտը նորից բաբախում է, զգում եմ, որ Արցախն իմ ներսում ապրում է։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ծնողներին, որովհետև հենց նրանց շնորհիվ է, որ իմ կյանքի պայքարը դեռ շարունակվում է։ Նրանք են հանդիսացել իմ հերոսների նախատիպերն իրենց պատմություններով ու վառ օրինակով։

Գրքի խմբագիր Սիլվա Ջհանգիրյանի համար գրքի ամեն մի բառի, ամեն մի տողի մեջ սրտի տրոփ կա

-«Պայքար» գրքի գլխավոր հերոսը բարոյականությունն է, մաքրությունը, հավատը, պայքարը, կարոտը, հույսը։ Գրքում ներկայացված է մի ընտանիքի կյանքի պատմություն, որը պայքար է՝ արժանապատիվ պայքար հայրենի հողի ազատության, անկախության համար, որն իր մեջ ամփոփում է արցախյան հարյուրավոր ընտանիքների պատմությունը։

Հեղինակն արցախյան մի ամբողջ աշխարհ է նվիրում ընթերցողին․ արցախյան իմաստ, գույներ, բարբառ, և նրա որդիական սիրտը տրոփում է հայրենի եզերքի և այդ եզերքում ապրող, այդ հողը պահող մարդկանց համար։ Սրտի տրոփը լսվում է ամեն բառի, ամեն տողի մեջ։

Գիրքը ցաված սրտի, ցաված մտքի ճիչ է, բողոք անարդար, անիրավ աշխարհին։

Պարզ ճշմարտություն է․ հայրենիքից դուրս երջանկություն չկա։ Ցավի, կորստի, կարոտի մեջ հերոսները լավատես են, ապրում են ետդարձի հույսով։

Բարով ես եկել «Պայքար»։ Շնորհավորում եմ քեզ, իմ սիրելի Սոնա։

Սոնայի ուսուցչուհի Սուրայա Ղազարյանը հիշում է

-2021 թվականին՝ առաջին գրքի շնորհանդեսից հետո, շնորհավորեցի Սոնային ու խորհուրդ տվեցի երբեք չհանգստանալ դափնիների վրա ու շարունակել անընդհատ բարձրանալ՝ նոր նվաճումների համար։

Այսօր՝ երկրորդ գրքի շնորհանդեսին, Սոնան երախտագիտությամբ խոստովանեց, որ այն ժամանակ իմ տված խորհուրդը մի օր անգամ չի մոռացել ու միշտ առաջ է նայել և, ահա, երկրորդ գիրքն է ընթերցողի դատին հանձնել։

Թող Աստված հոջողի, և հաջորդ գիրքը ծնվի ոչ թե ցավի ու տառապանքի միջից, այլ ողողված լինի հաղթության բերկրանքի պայծառ շողերով։

Սոնայի մայրը՝ Անահիտ Դանիելյանը, ուրախ և հպարտ էր դստեր հաջողությամբ

– Երախտապարտ եմ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանի գլխավորությամբ ուսուցչական ողջ կոլեկտիվին՝ Սոնային փայլուն գիտելիքներ տալու, նրա երազանքների կատարմանն ուղեկից լինելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին. այս հաջողությունը բոլորինս է: Աստված ուժ, իմաստություն և խաղաղություն պարգևի մեր ժողովրդին:

Սոնան մանկուց սիրում էր երազել ու ստեղծագործել: Նրա «Կյանք՝ կյանքի դիմաց» գրքի շնորհանդեսը կազմակերպվել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում 2021 թվականին նա 10-րդ դասարանի աշակերտուհի էր։ Դպրոցի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ ստեղծագործող աշակերտը դառնում է գրքի հեղինակ, և նա ընդամենը 15 տարեկան էր:

Սոնայի առաջին գրքի բուն նյութն արցախյան 44-օրյա պատերազմն էր: Գիրքը հրատարակվել էր Երևանի Ավետիսյան դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Մելանյա Գեղամյանի հովանավորությամբ ու ջանքերով։

Սոնա Ղահրամանյանն այժմ ուսանում է Երևանի պետական համալսարանի Ռոմանոգերմանական ֆակուլտետի Անգլերենֆրանսերեն բաժնում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ