Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ հարցին, որ Հունգարիան վետո է դրել ԵՄ Խաղաղության հիմնադրամի միջոցներից Հայաստանին 20 մլն եվրո հատկացնելու հարցի վրա։ Կալասն ասաց, որ Հայաստանին աջակցելու որոշումը դեռ ընդունված չէ, հաստատեց, որ Հունգարիան վետո է դրել։
«Եվրոպական միությունը 27 ժողովրդավարական երկրներից կազմված միություն է, դա մեզ համար եւս բարդացնում է որոշումների կայացման գործընթացը, բայց որոշումները կայացվում են։ Երբեմն երկիրը կարող է արգելափակել որոշումների ընդունումը, բայց երբեմն այլ երկրներն էլ իրենց կարծիքն են բարձրացնում։ Եվ սա շարունակական գործընթաց է, մենք փորձում ենք լուծումներ գտնել, այո, դեռ չենք հասել որոշման, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ լուծում գտնել»,- ասաց նա։
Նշենք, որ 2024 թվականի հուլիսին Հայաստանը ԵՄ Խաղաղության հիմնադրամի միջոցներից 10 մլն դոլար էրն ստացել։ Հունգարիան այն ժամանակ եւս արգելափակել էր այս որոշման ընդունումը, սակայն հետո հանել էր այս օգնության վրա դրված արգելանքը։ Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա՝ պահանջելով, որ Ադրբեջանը եւս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։