«Այսօր բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ արձանագրում ենք երեք նշանակալի ձեռքբերում։ Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի ստորագրումն էր։ Սա Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է»,- Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսում այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Երկրորդ ձեռքբերումը Միրզոյանի խոսքով այն է, որ այսօր համատեղ տրվեց Հայաստանի Հանրապետություն-Եվորպական միություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը։ «Պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ էր՝ համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին ու գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանի դիմակայնության ամրապնդմանը, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաեւ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը։ Այս համատեքստում նաեւ կարեւորել են ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննրակել ենք Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը»,- նշեց Արարատ Միրզոյանը։
«Եվ երրորդ՝ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը եւ ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրվելու եւ առավել խորացնելու է Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով նաեւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը։ Այսպիսով՝ այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգևկուն եւ սերտ չեն եղել»,- հավելեց Միրզոյանը։