Հուլիսի 5-ին Հայաստանը կնշի Սահմանադրության օրը։ 2024 թվականին, Սահմանադրության օրվա իր ուղերձում, Փաշինյանը մանրամասն բացատրեց, որ ժողովուրդը, իբր, Սահմանադրությունը իրենը չի համարում, և անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը կընդունվի հենց ժողովրդի կողմից։ Նա չասաց, թե ինչ նոր բան կլինի նոր Սահմանադրությունում։
Սակայն, մեկ տարի անց բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները թելադրված են ոչ թե ժողովրդի կողմից, այլ «խաղաղության պայմանագրի» պահանջներով, իսկ Հայաստանի արդարադատության նախարարը չբացառեց, որ նոր Սահմանադրության մեջ հղում չի լինի Անկախության հռչակագրին, հետևաբար, 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը և ցեղասպանության հետևանքները վերացնելու պահանջին։
Նույնիսկ միջազգային վերլուծաբաններն են ասում, որ հաշվի առնելով Հայաստանում հասարակական ներկայիս տրամադրությունը, ժողովուրդը չի քվեարկի նոր Սահմանադրության օգտին, քանի որ հասարակության դիմադրությունը Հայաստանում դեռևս մեծ է։ Սակայն առանց Սահմանադրությունը փոխելու «խաղաղության պայմանագիր» չի լինի, և ստիպված կլինեն մտածել միջոց՝ ժողովրդին ստիպելու քվեարկել Սահմանադրության փոփոխության օգտին։
Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը վերջերս կրկին կոչ արեց Հայաստանին համապատասխանեցնել իր Սահմանադրությունը երկու երկրների միջև առաջարկվող խաղաղության համաձայնագրի պայմաններին, հաղորդում է Trend-ը։
El Mundo-ին տված հարցազրույցում Ամիրբեկովը նշել է. «Մենք լսում ենք, որ Հայաստանը նախատեսում է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնել հաջորդ տարի, ենթադրաբար՝ 2026 թվականի հունիսի ընտրություններից հետո»։ Նա հավելել է, որ Ադրբեջանը կիսում է նրանց մտահոգությունները, ովքեր կարծում են, որ սա չափազանց երկար ժամանակահատված է։
Ամիրբեկովը նշել է, որ «ընդդիմության ազդեցությունը, որը բացահայտորեն հայտարարում է ռևանշիզմի մասին, աճում է Հայաստանում»։ «Իրավիճակը օբյեկտիվորեն գնահատելու միակ միջոցը հանրաքվեն է։ Միայն դա կարող է ցույց տալ, թե որքանով է հայ ժողովուրդը պատրաստ խաղաղության», – հավելել է Ամիրբեկովը։
Եթե 2026 թվականը շատ ուշ լինի, ապա պետք է ստեղծվի համապատասխան կոնյունկտուրա՝ հանրաքվեն ավելի վաղ անցկացնելու համար։ Եվ դա «ավելի էժան» է անել՝ ներքին կամ արտաքին սպառնալիք գեներացնելով և արտահերթ ընտրություններ հայտարարելով։ Սակայն նախ պետք է չեզոքացվեն ռևանշիզմի և ազգային դիմադրության բոլոր աղբյուրները, որոնք կարող են խանգարել ընտրություններում հաղթանակին և հանրաքվեյին։
ՀՀ կառավարության քաղաքականությունը, որն ուղղված է ազգային համախմբումը և դիմադրությունը կանխելուն, գրեթե արդեն ապահովել է նման կոնյունկտուրա։ Բան չմնաց։
Եվ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը, որը հուլիսի 1-ից 5-ը քֆուր-դադար էր վերցրել, Սահմանադրության օրը կհայտարարի գործող կառավարության նկատմամբ վստահություն հայտնելու և Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։