Հուլիսի 1-ից արցախցիների աջակցության երկարացման որոշում չընդունվեց

  • 17:55 01.07.2025

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մեծ մասն այսօրվանից՝ հուլիսի 1-ից զրկվում են սոցիալական աջակցությունից։ Կառավարությունը նոր ծրագիր չի առաջարկել այս ընտանիքների համար, բացի բնակապահովման ծրագրից, որը մի շարք խնդիրներ ունի եւ, ըստ արցախցիների, լիարժեք հասանելի չէ մարդկանց։ Կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից աջակցությունն այլեւս չի հատկացվի բոլոր արցախցիներին, սոցիալական աջակցության ծրագրի շահառու կլինեն միայն թոշակառուները, անչափահասները համանդամություն ունեցողները, իսկ մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 30 հազար դրամ։

Ըստ կառավարության որոշմաբ՝ այս աջակցությունն ավելի վաղ պետք է դադարեցվեր՝ ապրիլ ամսից։ Արցախցիները բողոքի ակցիաներ էին արել, եւ ապրիլի կեսին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը համաձայնել է երկու ամսով երկարաձգել 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը՝ պայմանով, որ արցախցիներն Ազատության հրապարակից պետք է հանեին պայքարի նպատակով տեղադրված վրանը։ Արցախցիները վրանը հանել էին, ի պատասխան կառավարությունը ապրիլ-մայիս ամիսների համար նույնպես արցախցիներին 40 հազարական դրամ հատկացնելու որոշում էր կայացրել։ Մայիս ամսվա համար վճարումները հունիսին ուշացել էին, ինչը արցախցիների շրջանում մեծ դժգոհություն էր առաջացրել, քանի որ մարդիկ ասում են՝ դա իրենց բնակարանի վարձավճարն է։ Եվ կանխատեսումներ կան, որ հուլիսից դժգոհության ալիքը կմեծանա, մեծ թվով ընտանքիներ կկանգնեն բնակվարձի վճարման խնդրի առաջ։

 Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը գրառում է արել սոցիալական ցանցում․ «Այսօրվանից 40+10 դառնում է 40-10, բայց որոշների համար։ Ի՞նչ է փոխվել տեղահանվածների կյանքում, ինչպե՞ս են գոյության պայքարը շարունակելու խոցելի խումբ չհամարվող անձինք ու նրանց ընտանիքները,  ընտանիքներից քանի՞սը դարձավ տանիքի տեր։ Հարցեր, որոնք ունեն հասցեատեր, սակայն չունեն պատասխաններ»։

Արցախցիները սոցիալական ցանցում իրենց մտահոգությունն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Էտ փողը իրանց գրպանից չեն տալիս, էտ փողը մեր տան փոխհատուցումն է, եթե փողը կտրել է, ուրեմն մեզ տնով թող ապահովի, ոնց որ մեր տներից մեզ զրկեց, բռնի տեղահանեց։ Մենք մեր տներում մեր համար ապրում էինք, ոչ մեկից էլ փող չէինք ուզում, մեր տները թող տան մեզ, փողերն էլ պահեն իրենց»,- գրել է օգտատերերից մեկը։

«Արցախցին ո՞նց պիտի ապրի, ինչո՞վ յոլա գնա, տան վարձը, կոմունալները ո՞նց պիտի փակի, ի՞նչ պիտի ուտի, ո՞նց պիտի գոյատեւի։ Ընտանիք կա, ոչ թոշակռու ունեն, ոչ էլ անչափահաս, այդ ընտանիքը ոնց պետք է գոյատեւի»,- գրել է մեկ այլ արցախցի։

Ոտքի կանգնելու եւ բողոքի ակցիաներ անելու կոչեր կան նաեւ։ «Պետք է դուրս գանք բոլորս միասին»,- գրել է արցախցիներից մեկը։

Մարդիկ նաեւ ահազանգում են, որ նոր դիմումն անհասանելի է շատերին։  «Այսինքն՝ չի ստացվում լրացնել, սոցապն էլ չի օգում՝ պատճառաբանելով, թե չեն կարող այդքան մարդու դիմում լրացնել։ Սա խոսում է նրա մասին, որ այնպես են արել՝ մարդիկ չկարողանան ոչնչից օգտվել։ Էն մարդը, որը մեզ էս օրն է քցել, ինքը պարտավոր է մեր 50 հազարները շարունակել վճարել»,- գրել է մեկ այլ արցախցի։

Նշենք, որ ՀՀ կառավարության հիմնավորումն այն է, որ արցախցիները պետք է չսպասեն աջակցության, այլ պետք է աշխատեն եւ օգտվեն ավելի երկարաժամկետ ծրագրերից, այն է՝ բնակապահովման պետական ծրագրից։ Այս ծրագիրը, սակայն, մի շարք թերություններ ունի, ինչի մասին մասնագետներն ու արցախցիները բազմիցս ահազանգել են։

Ռոզա Հովհաննիսյան